Պորտուգալական «Տորենսեի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոաու Նունուն Եվրոպա լիգայի լիգայի փուլի 4-րդ տուրի՝ «Արարատ-Արմենիայի» դեմ հանդիպման նախախաղային ասուլիսում խոսել է հայկական թիմի ուժեղ կողմերի, իր եվրոպական նորամուտի և սպասվող դիմակայության կարևորության մասին։
41-ամյա մասնագետը, որն ընդամենը մի քանի օր առաջ է փոխարինել Լուիշ Տրալյաոյին, ընդգծել է, որ իրենց գլխավոր նպատակը պորտուգալական ֆուտբոլն արժանապատվորեն ներկայացնելու գործընթացը շարունակելն է։
«Արդյունքներից զատ, ամենակարևորն այն է, որ «Տորենսեն» շատ լավ է ներկայացրել մեր ֆուտբոլը։ Ցանկանում ենք շարունակել նույն ոգով և լինել առավելագույնս մրցունակ։ Եվրոպա լիգայի մեկնարկից առաջ սպասելիքները մեծ չէին, սակայն թիմի գրանցած արդյունքը նախկին մարզչի, խաղացողների և ամբողջ ակումբային կառույցի քրտնաջան աշխատանքի պտուղն է։ Մնացած հինգ տուրերում պայքարելու ենք յուրաքանչյուր մրցակցի դեմ։ Հավատում եմ, որ վաղը կարող ենք հասնել ցանկալի արդյունքի», — նշել է Նունուն։
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե պորտուգալական ակումբը համարվում է առաջիկա դիմակայության ֆավորիտը, մարզիչը նկատել է, որ դա իրենց վրա լրացուցիչ ճնշում չի գործադրում.
«Որևէ ճնշում չեմ զգում։ Եթե առաջնորդվեինք բուքմեյքերական գործակիցներով, ապա մրցաշարի մեկնարկից առաջ մեզ զրո միավոր էին կանխատեսում։ Բայց խաղադաշտում այլ պատկեր տեսանք, և մենք չենք պատրաստվում ընկնել այդ թակարդը։ Եվրոպա լիգայի յուրաքանչյուր հանդիպում մեզ համար նոր հնարավորություն է, որին հասել ենք սեփական քրտինքով։
Ոչ մի մրցակցի անհաղթահարելի չենք համարում, բայց և չենք պատրաստվում թերագնահատել որևէ մեկին, քանի որ այս մրցաշարում բոլոր թիմերն էլ բարձրակարգ են։ Մեր նպատակն է պայքարել մինչև վերջ և ութերորդ տուրից հետո տեսնել, թե որտեղ ենք հայտնվել։ Պետք է պահպանենք համեստությունը. մենք մեծ հարգանք ունենք «Արարատ-Արմենիայի» նկատմամբ»։
Հայաստանի չեմպիոնի դեմ խաղը հատուկ նշանակություն ունի անձամբ Ժոաու Նունուի համար. սա նրա մարզչական նորամուտն է եվրագավաթներում։ Այդուհանդերձ, մասնագետը չի ցանկանում կենտրոնանալ անձնական վիճակագրության վրա՝ առաջնային համարելով ֆուտբոլիստներին օգնելը։
«Թիմը գլխավորել եմ չորս-հինգ օր առաջ, սակայն առաջին իսկ օրից հասկացա, որ այստեղ հիանալի աշխատանք է կատարվել։ Ժառանգել եմ կազմակերպված, հստակ կառուցվածքով ակումբ։ Ցանկանում ենք պահպանել արդեն իսկ ձեռք բերվածը՝ միաժամանակ ներդնելով իմ ֆուտբոլային գաղափարները՝ թիմին զարգացման նոր փուլ տեղափոխելու համար», — ասել է մարզիչը։
Նունուն չի բացառել փոփոխությունները մեկնարկային կազմում։ Խավի Վասկեսի մասնակցության հարցը կորոշվի նախախաղային վերջին մարզումից հետո, իսկ Մալիկ Աբուբակարին հաստատապես բաց կթողնի հանդիպումը։
Հետաքրքրական է, որ «Արարատ-Արմենիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան, ինչպես նաև թիմի ֆուտբոլիստներ Բալանտան և Բենին նախկինում հանդես են եկել հենց «Տորենսեում»։ Նունուն անդրադարձել է նաև այս փաստին.
«Տուլիպան ժամանակին աշխատել է այստեղ, նույնը վերաբերում է նաև Բալանտային ու Բենիին։ Նրանք բոլորն էլ արժանի են հարգանքի։ Տուլիպան լավ մասնագետ է և հիանալի գիտի մեր ակումբի ներքին խոհանոցն ու առանձնահատկությունները։ Բայց մենք էլ կատարել ենք մեր տնային աշխատանքը և մանրակրկիտ ուսումնասիրել ենք «Արարատ-Արմենիային»։ Հուսով եմ՝ մրցակցի մասին գիտենք գրեթե ամեն ինչ։ Ցանկանում եմ, որ Տուլիպան հաջողության հասնի իր թիմի հետ, բայց ոչ վաղը», — կատակով եզրափակել է պորտուգալացին։
Հիշեցնենք, որ «Տորենսե» – «Արարատ-Արմենիա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 5-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին, Լեյրիայի «Դոկտոր Մագալյաեշ Պեսոա» մարզադաշտում։ Երեք տուրից հետո պորտուգալական ակումբը 3 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 28-րդ հորիզոնականը, իսկ «Արարատ-Արմենիան» առանց միավորի եզրափակում է աղյուսակը՝ գտնվելով 36-րդ տեղում։



























































