Եկատերինբուրգի «Ուրալի» և Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, որը նախկինում երկար տարիներ պաշտպանել է «Ռոստովի» գույները, պատասխանել է այն հարցին, թե արդյոք իրեն համարում է դոնյան ակումբի լեգենդ:
Խոսելով ապագայում «Ռոստովում» մարզչական աշխատանքի անցնելու հնարավորության մասին՝ հայ ֆուտբոլիստը նշել է.
«Շատերն են տեսնում այդ հեռանկարը՝ հավանաբար շփվող լինելուս պատճառով: «Ռոստովում» բավականին երիտասարդ թիմ էր հավաքված, և բոլորն ինձ լսում էին: Ղեկավարության հետ ևս միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել, նրանցից էլ էի լսում, որ ինձնից վատ մարզիչ դուրս չէր գա: Բայց կրկնում եմ՝ ես հեռացել եմ մեկ կամ երկու տարով. ոչ ոք չգիտի, թե ինչպես կստացվի: Խաղակոշիկները մեխից կախել միշտ էլ կհասցնեմ: Չեմ ուզում ապագայում փոշմանել ու ինքս ինձ ասել, որ դեռ կարող էի խաղալ: Տեսնենք, ապագան կանխատեսել հնարավոր չէ»:
Անդրադառնալով «Ռոստով» հնարավոր վերադարձին՝ կիսապաշտպանն ընդգծել է, որ որևէ երաշխիք չկա.
«Ժամանակին կային որոշակի պայմանավորվածություններ ակումբի մարզական և գլխավոր տնօրենների հետ: Բայց հիմա այդ մարդիկ «Ռոստովում» չեն աշխատում, ուստի ի՞նչ պայմանավորվածությունների մասին կարող է խոսք գնալ. դրանք այլևս չկան»:
Իսկ հարցին՝ արդյոք նա իրեն համարո՞ւմ է ակումբի լեգենդ, Բայրամյանը համեստորեն է արձագանքել.
«Ե՞ս… Դա, հավանաբար, ուրիշները պետք է ասեն: Շատ եմ լսել նման բան, բայց դա իմ դատելու կամ ասելու բանը չէ: Ես ակումբին եմ նվիրել իմ լավագույն տարիները՝ 15 տարի. կարծում եմ՝ դա քիչ չէ: «Ռոստովը» միշտ եղել և կմնա իմ սրտում», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Сила спорта»-ն:
Հիշեցնենք, որ Խորեն Բայրամյանը «Ռոստովի» մարզաշապիկով անցկացրել է ընդհանուր առմամբ 261 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ:




























































