«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը խոսել է ապագայում «Բարսելոնան» գլխավորելու հնարավորության մասին՝ ընդգծելով, որ այժմ նախընտրում է կենտրոնանալ ներկա աշխատանքի վրա։
«Ես այն մարդկանցից եմ, որոնք ապրում են ներկայով։ Ապագայի մասին մտածելը սովորաբար ոչ մի տեղ չի տանում։ Ես այնտեղից եմ, մեծացել եմ այդ ակումբում և ճանաչում եմ բոլորին, սակայն երբեք չեմ սիրել շատ հեռուն նայել։ Այն դեպքերում, երբ փորձել եմ դա անել, ամեն ինչ լավ չի ավարտվել»,- ասել է իսպանացի մասնագետը TNT Sports México-ին:
Ֆաբրեգասը նաև պատմել է, որ շարունակում է հետևել «Բարսելոնայի» բոլոր հանդիպումներին՝ նույնիսկ այն ժամանակ, երբ զբաղված է սեփական թիմի խաղերի նախապատրաստությամբ։
«Ես բաց չեմ թողնում ոչ մի հանդիպում։ Վերջերս, երբ պատրաստվում էինք ԱԵԿ-ի դեմ խաղին, «Բարսելոնայի» հանդիպումը միացրել էի հեռախոսիս։ Օգնականներս ստիպված եղան հիշեցնել, որ կենտրոնանամ մեր խաղի վրա»,- նշել է նա։
Մասնագետը բարձր է գնահատել կատալոնական ակումբի ցուցադրած ֆուտբոլը՝ «Բարսելոնան» համեմատելով ՊՍԺ-ի և Մյունխենի «Բավարիայի» հետ։
Միևնույն ժամանակ, Ֆաբրեգասը չի հստակեցրել՝ արդյոք ապագայում պատրաստ է գլխավորել իր նախկին ակումբը՝ ընդգծելով, որ այս պահին ամբողջությամբ կենտրոնացած է «Կոմոյում» իր աշխատանքի վրա։
























































