Պեպ Գվարդիոլան ծավալուն հարցազրույցում անդրադարձել է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի պատմական մրցակցությանը՝ ընդգծելով, որ երկու աստղերը տարիներ շարունակ միմյանց համար անփոխարինելի մոտիվացիայի աղբյուր են եղել։
Իսպանացի մասնագետի համոզմամբ՝ հենց փոխադարձ մրցակցությունն է ստիպել նրանց երկու տասնամյակ պահպանել անհավանական մակարդակ։
«Երկուսն էլ շատ են օգնել միմյանց այդ մակարդակը պահպանելու հարցում։ Եթե Մեսսին չունենար Ռոնալդուին, իսկ Ռոնալդուն՝ Մեսսիին, հավանաբար նրանք ավելի համեստ մրցաշրջաններ կունենային։ Բայց նրանք միշտ հետևում էին միմյանց՝ նայելով, թե մյուսն ինչ է անում»,- նշել է Գվարդիոլան։
Մարզիչն առանձնացրել է պորտուգալացի հարձակվողի անհագ ձգտումը դեպի հաղթանակներ և նրա բազմակողմանիությունը դարպասի գրավման գործում․
«Կրիշտիանու Ռոնալդուն ևս մեկ մրցակցային գազան է։ Նրան ոչինչ չի հետաքրքրում, բացի հաղթելուց և իր արժեքն ապացուցելուց։ Նա կարողանում է գոլեր խփել աջ ոտքով, ձախ ոտքով, գլխով։ Նա արտասովոր ռմբարկու է»։
Խոսելով «Բարսելոնայում» Մեսսիի հետ աշխատելու տարիների մասին՝ Գվարդիոլան ընդգծել է արգենտինացու բացառիկ դերը իր՝ որպես մարզիչ կայացման մեջ։
«Ի՞նչն է ինձ տարբերում մյուս մարզիչներից։ Մեսսին։ Երբ նման բարձրակարգ ֆուտբոլիստներ ունես, նրանք քեզ լավ մարզիչ են դարձնում։ Ես չեմ տեսել նրա նման խաղացողի, որը կարող է յուրաքանչյուր երեք օրը մեկ երեք գոլ խփել և երեք գոլային փոխանցում կատարել։ Նա դա անում էր նաև մարզումների ժամանակ։ Չորս տարվա ընթացքում չեմ հիշում, որ նա պարտված լիներ մեր փոքր խաղերից որևէ մեկում»,- պատմել է մասնագետը։
Գվարդիոլան կասկածով է մոտեցել այն հարցին, թե արդյոք ապագայում կհայտնվի ֆուտբոլիստ, որը կկարողանա կրկնել Մեսսիի և Ռոնալդուի երկարամյա գերիշխանությունը։
«Չգիտեմ՝ հնարավո՞ր կլինի հասնել Կրիշտիանուի և Մեսսիի մակարդակին՝ այդքան երկար ժամանակ, յուրաքանչյուր երեք օրը մեկ վճռորոշ լինելով։ Դժվար է, պետք է տեսնեմ։ Խոսքը մեկ մրցաշրջանում 30 կամ 50 գոլ խփելու մասին չէ։ Խոսքը 20 տարի շարունակ նույն մակարդակի վրա մնալու, անընդհատ բարձունքում լինելու և չնահանջելու մասին է»,- եզրափակել է Գվարդիոլան։
Հավելենք, որ Պեպ Գվարդիոլան գլխավորել է «Բարսելոնան» 2008-2012 թվականներին՝ Լիոնել Մեսսիի հետ նվաճելով բազմաթիվ տիտղոսներ։ Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի պատմական մրցակցությունը հատկապես թեժացավ 2009 թվականից՝ պորտուգալացու՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց հետո, ինչի արդյունքում «Էլ Կլասիկոն» դարձավ համաշխարհային ֆուտբոլի գլխավոր դիմակայություններից մեկը։


























































