Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ամփոփել է Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրում ՊՍՎ-ի նկատմամբ տարած կամային հաղթանակը (5։1)։ Պորտուգալացի մասնագետն անդրադարձել է առաջին խաղակեսի ձախողմանը, ընդմիջմանը կատարած տակտիկական շտկումներին և Ջուդ Բելինգհեմի վճռորոշ դերին։
Հանդիպման 32-րդ րոպեին Իվան Պերիշիչը 11-մետրանոցից առաջ մղեց հոլանդական թիմին, սակայն ընդմիջումից հետո «արքայական» ակումբը հինգ անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկին հաշիվը հավասարեցրեց Ֆեդերիկո Վալվերդեն, 60-րդ րոպեին գեղեցիկ հարվածով աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Ջուդ Բելինգհեմը, այնուհետև Կիլիան Մբապեն դուբլ ձևակերպեց, իսկ վերջնական հաշիվը սահմանեց Վինիսիուս Ժունիորը։
Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում Մոուրինյուն չի խնայել գովեստի խոսքերը Բելինգհեմի հասցեին՝ խոստովանելով, որ նրան պահեստայինների նստարանին թողնելը կարող էր սխալ լինել։
«Նա արտասովոր ֆուտբոլիստ է, ունի ամեն ինչ՝ ֆիզիկական տվյալներ, տեխնիկա, խաղի տակտիկական ընկալում և հավակնություններ։ Այսօր նա փոխեց խաղի ընթացքը և անհավանական գոլ խփեց։ Ինձ համար նա անկասկած աշխարհի լավագույն կիսապաշտպանն է։
Որոշ ֆուտբոլիստներ խաղերից հետո հոգնածություն են զգում, բայց կարող են խաղալ։ Ես կարծում էի, որ կարող ենք հաղթել առանց Բելինգհեմի։ Գուցե սխալվում էի։ Փորձում էի հնարավորինս պաշտպանել նրան, բայց միևնույն ժամանակ գիտեի, որ ունենք հիանալի պահեստայինների նստարան։ Նրա՝ փոխարինման դուրս գալը վճռորոշ եղավ»,- նշել է Մոուրինյուն։
Մարզիչը կոշտ է գնահատել թիմի խաղն առաջին 45 րոպեներին՝ բացահայտելով, թե ինչպես են ընդմիջմանը վերլուծել սխալները։
«Ես տեսա սարսափելի առաջին խաղակես և վերլուծաբանների հետ փորձեցի գտնել երեք-չորս դրվագ, որոնք ֆուտբոլիստներին ցույց կտային, թե ինչն ենք սխալ անում։ Ընդմիջումը շատ քիչ խոսքերով անցավ, որովհետև մեկ նկարը հազար բառ արժե։ Մենք դիտեցինք երեք դրվագ՝ մեկը պաշտպանությունում, երկուսը՝ հարձակման ժամանակ»։
Մոուրինյուի խոսքով՝ բեկումնային դարձավ ոչ այնքան կենտրոնական պաշտպանների փոփոխությունը, որքան Բերնարդու Սիլվայի և Արդա Գյուլերի համատեղ գործողությունները դաշտի կենտրոնում․
«Նրանք երկու ֆուտբոլիստներ են, որոնք պարզապես գիտեն՝ ինչպես ֆուտբոլ խաղալ։ Նրանք պաշտպանողական կամ դիրքային առումով սահմանափակ խաղացողներ չեն։ Մենք խաղին այլ դինամիկա հաղորդեցինք, և երկրորդ խաղակեսում լիակատար վերահսկողություն ունեինք»։
Չնայած խոշոր հաշվով հաղթանակին՝ պորտուգալացին ընդգծել է, որ թիմը դեռ շատ աշխատանք ունի կատարելու։
«Երբ խաղերը սկսում ես այնպես, ինչպես մենք, նշանակում է՝ շատ բան կա հղկելու։ Եթե ես չեմ կարողանում թիմիս ստիպել առաջին իսկ րոպեից խաղալ այնպես, ինչպես ցանկանում եմ, դա խնդիր է, որը պետք է լուծեմ։ Հետ մնալուց հետո հաղթելն ու իրավիճակը փոխելու զգացողությունը հաճելի են, բայց այդ ռիսկերը կարող են նաև հակառակ արդյունք տալ։ Չեմ ցանկանում խաղից առաջ մտածել՝ լավ կսկսե՞նք, թե՞ վատ»,- եզրափակել է մարզիչը։
Հավելենք, որ սա «Ռեալի» հինգերորդ անընդմեջ հաղթանակն էր Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում։ Մադրիդցիները վաստակել են առավելագույն 15 միավոր, և Մոուրինյուի գնահատմամբ՝ ևս 3-4 միավորը բավարար կլինի լավագույն ութնյակում տեղն ապահովելու և փլեյ-օֆֆի լրացուցիչ փուլից խուսափելու համար։
























































