Գերմանական հեղինակավոր Bild պարբերականը կոշտ քննադատության է ենթարկել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանին՝ նշելով, որ «Նյուրնբերգում» նրա նկատմամբ համբերությունն աստիճանաբար սպառվում է։ 800 հազար եվրոյով ձեռք բերված ֆուտբոլիստը կրկին հայտնվել է քննադատության կենտրոնում՝ «Այնտրախտ Բրաունշվայգի» դեմ խաղում թույլ տված սխալներից հետո։
Նոյեմբերի 21-ին կայացած Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի 12-րդ տուրի խաղում «Նյուրնբերգը» սեփական հարկի տակ 1։2 հաշվով զիջեց «Այնտրախտ Բրաունշվայգին»։ Մկրտչյանը դուրս էր եկել մեկնարկային կազմում՝ փոխարինելով վնասվածք ստացած Ֆին Օտտոյին, սակայն հայ պաշտպանի ելույթը հեռու էր հաջողված լինելուց։
Bild-ի տվյալներով՝ Մկրտչյանը հաղթել է գետնին մղված մենապայքարների ընդամենը 33, իսկ օդային պայքարների՝ 25 տոկոսում՝ միաժամանակ թույլ տալով բազմաթիվ սխալ փոխանցումներ գրոհների կառուցման փուլում։ Ամենացավոտ վրիպումը գրանցվեց առաջին խաղակեսի վերջնամասում․ սեփական տուգանային հրապարակի մատույցներում փորձելով շրջանցել մրցակցին՝ Մկրտչյանը կորցրեց գնդակը Աարոն Օպոկուի դեմ պայքարում։ Դրվագն ավարտվեց տուգանային հարվածով, որից հետո մրցակիցը հավասարեցրեց հաշիվը (1։1)։
«Նա ինքն էլ գիտի, որ նման սխալ չպետք է թույլ տար»,- խաղից հետո հայտարարել է «Նյուրնբերգի» գլխավոր մարզիչ Միրոսլավ Կլոզեն։
Մկրտչյանը «Նյուրնբերգ» է տեղափոխվել անցած ձմռանը՝ խորվաթական «Օսիեկից», իսկ գերմանական ակումբը նրա համար վճարել է 800 հազար եվրո։ Այդուհանդերձ, հայ պաշտպանի գերմանական կարիերան դեռևս չի ստացվում․ անցած մրցաշրջանի երկրորդ հատվածում նա վնասվածքի պատճառով մասնակցեց ընդամենը երեք հանդիպման, իսկ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում կրկին բացակայեց մկանային խնդիրների պատճառով։
Հոկտեմբերին վերադառնալով խաղադաշտ՝ Մկրտչյանը «Էներգի Կոտբուսի» դեմ խաղում փոխարինման դուրս գալուց հետո գոլի հեղինակ դարձավ՝ փրկելով թիմին պարտությունից (1։1)։ Սակայն «Բրաունշվայգի» դեմ ձախողումը կրկին կասկածի տակ է դրել նրա մարզավիճակը, և ակումբում հայ պաշտպանի խաղն արդեն ավելի քննադատաբար են գնահատում։
Քանի որ հիմնական պաշտպան Ֆին Օտտոյի վերադարձը դեռևս հարցականի տակ է, Մկրտչյանը կարող է առաջիկա տուրում կրկին տեղ ստանալ մեկնարկային կազմում։ Այդ դեպքում նա պետք է առավելագույնս օգտագործի իրեն ընձեռված հնարավորությունը՝ կայուն խաղ ցուցադրելու և ակումբի ղեկավարության վստահությունը վերականգնելու համար։
Հավելենք, որ երկրորդ Բունդեսլիգայի հաջորդ տուրում «Նյուրնբերգը» նոյեմբերի 27-ին՝ Երևանի ժամանակով 21։30-ին, «Ֆոյթ Արենա» մարզադաշտում կհյուրընկալվի «Հայդենհայմին»։
























































