Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլը հիշել է 2010 թվականին «Բարսելոնայից» կրած 0։5 հաշվով ծանր պարտությունը՝ պատմելով, թե ինչպես է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն արձագանքել հանդերձարանում։
«Խաղում էի «Ռեալում», և մենք 0։5 հաշվով պարտվեցինք «Բարսելոնային»։ Հանդերձարանում բոլորս կարծում էինք, որ Մոուրինյուն հիմա կպայթի զայրույթից։ Բայց նա ներս մտավ, բոլորիս թեթևակի հարվածեց ծոծրակին և ասաց․ «Գլուխներդ բարձր պահեք։ Ես Ժոզե Մոուրինյուն եմ, հաջորդ տարի մենք նրանց ջախջախելու ենք»։ Եվ հենց այդպես էլ եղավ»,- պատմել է Օզիլը։
Գերմանացու խոսքով՝ պորտուգալացի մասնագետը ծանր պարտությունից հետո ոչ թե մեղադրեց ֆուտբոլիստներին, այլ օգնեց վերականգնել վստահությունը։ Օզիլը նախկինում ևս ընդգծել էր Մոուրինյուի բացառիկ մոտիվացնելու ունակությունը․
«Նա միշտ գիտեր՝ ինչպես ստիպել ինձ ամեն օր ավելի լավը դառնալ։ Նա անհավանական մարզիչ է, և ես հպարտ եմ, որ խաղացել եմ նրա գլխավորությամբ»։
2010 թվականի նոյեմբերի 29-ին «Կամպ Նոուում» կայացած հանդիպումը Մոուրինյուի առաջին «Էլ Կլասիկոն» էր «Ռեալի» ղեկին։ Կատալոնացիները լիակատար առավելությամբ հաղթեցին 5։0 հաշվով, իսկ խաղավերջում Սերխիո Ռամոսը հեռացվեց խաղադաշտից։
Այդուհանդերձ, «Ռեալը» չկոտրվեց․ արդեն նույն մրցաշրջանում մադրիդցիները նվաճեցին Իսպանիայի գավաթը՝ եզրափակչում 1։0 հաշվով հաղթելով հենց «Բարսելոնային», իսկ 2011/12 մրցաշրջանում Մոուրինյուի թիմը ռեկորդային 100 միավորով դարձավ Լա Լիգայի չեմպիոն։
Հավելենք, որ այդ պարտությունից հետո Մոուրինյուի ելույթի մասին ավելի վաղ պատմել էր նաև «Ռեալի» նախկին դարպասապահ Յերժի Դուդեկը։ Նրա խոսքով՝ մարզիչը ֆուտբոլիստներին կոչ էր արել չթաքնվել հանրությունից, դուրս գալ փողոց և ցույց տալ, որ կարող են հաղթահարել հարվածը՝ հիշեցնելով, որ «Բարսելոնան» հաղթել է ընդամենը մեկ խաղում, իսկ չեմպիոնական պայքարը դեռ շարունակվում է։
























































