«Նյուքասլ Յունայթեդի» սեփականատերերից մեկը՝ Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամը (PIF), մտադիր է նոր բաժնետոմսերի թողարկման միջոցով վաճառել ակումբի բաժնետոմսերի մինչև 25%-ը։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ներգրավված միջոցներն անմիջապես կուղղվեն ակումբին։ Այդ նպատակով հիմնադրամը համագործակցում է ամերիկյան JPMorgan բանկի հետ, որը զբաղվում է հնարավոր ներդրողի որոնմամբ։
Նշվում է, որ PIF-ը նախատեսում է ստացված միջոցներն օգտագործել նոր մարզադաշտի և մարզումային բազայի կառուցման ֆինանսավորման համար։
Ակումբի ղեկավարությունը «Նյուքասլի» արժեքը գնահատում է 5 միլիարդ ֆունտ ստերլինգ (մոտ 5,95 միլիարդ եվրո)։ The Athletic-ի հաղորդմամբ՝ PIF-ը մտադիր չէ ամբողջությամբ դուրս գալ ակումբի նախագծից։
Ներկայումս սաուդյան հիմնադրամին է պատկանում «Նյուքասլի» բաժնետոմսերի 85%-ը, իսկ մնացած 15%-ը պատկանում է բրիտանական RB Sports & Media հոլդինգային ընկերությանը։




























































