Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակայնորեն աջակցություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Գևորգ Ղազարյանին։
Նախկին մարզչի հայտարարությունը հրապարակվել է Ղազարյանի կողմից։ Պետրոսյանը հույս է հայտնել, որ առաջիկա ընտրությունները կանցնեն ազնիվ պայքարում՝ վստահություն հայտնելով, որ Ղազարյանն ու նրա թիմը կարող են առաջ մղել հայկական ֆուտբոլը։
«Չնայած կարիերայիս վերջին մասն անցկացրել եմ Շվեյցարիայում, երբեք անտարբեր չեմ եղել ու չեմ կարող լինել հայկական ֆուտբոլում կատարվող իրադարձությունների նկատմամբ։ Ես ինքս հայկական ֆուտբոլի սան եմ, խաղացել եմ Հայաստանի հավաքականում, եղել եմ թիմի մարզիչը, ներսից տեսել նաև ֆեդերացիայի լավ ու վատ կողմերը։
Շատ մեծ հույս ունեմ, որ ՀՖՖ առաջիկա ընտրությունները կանցնեն ազնիվ և արդար պայքարի պայմաններում։ Շատ լավ եմ ճանաչում Գևորգ Ղազարյանին, միասին հիշվող խաղեր ենք ունեցել, հատկապես ամենահիշարժանը՝ Մոնտենեգրոյի դեմ հանդիպումը։ Հավատում եմ Գևորգ Ղազարյանին և նրա թիմին։ Գիտեմ, թե որքան են ցանկանում, որ հայկական ֆուտբոլը զարգանա և քայլ առաջ անի։ Վստահ եմ՝ դա հնարավոր է։ Գևորգ ջան, քո կողքին եմ, հավատում եմ քո հաղթանակին»,- նշել է Պետրոսյանը։
Արթուր Պետրոսյանը ազգային թիմի նախկին անդամներից հերթականն է, որը սատարում է Ղազարյանին։ Ավելի վաղ իր աջակցությունն էր հայտնել նաև հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին՝ ընդգծելով հայկական ֆուտբոլում փոփոխությունների անհրաժեշտությունը։ Նոյեմբերի 24-ին Ղազարյանի թեկնածությանը սատարող հայտարարությամբ էր հանդես եկել նաև նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան 2026 թվականի դեկտեմբերի 21-ին։ Պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու՝ Գևորգ Ղազարյանը (առաջադրվել է Գյումրիի «Շիրակի» կողմից) և ՀՖՖ նախագահի միջազգային հարցերով խորհրդական Դենիս Ջորկաեֆը (առաջադրվել է «Սյունիքի» կողմից)։




























































