«Ալ Նասրի» վինգեր Սադիո Մանեն մեկնաբանել է Մարզական արբիտրաժային դատարանի (CAS) որոշումը՝ Սենեգալի հավաքականին Աֆրիկայի ազգերի գավաթի հաղթող ճանաչելու վերաբերյալ։
«Մարզական արբիտրաժային դատարանի որոշումը՝ Սենեգալին Աֆրիկայի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելու մասին, մեզ մեծ ուրախություն է պարգևել։
Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ողջ ժողովրդին՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում։ Դուք մեզ աջակցել եք առաջին խաղից մինչև այս որոշման հրապարակումը։ Ձեր վստահությունը մեզ ուժ էր տալիս ամենադժվար պահերին։
Շնորհակալություն եմ հայտնում նաև թիմակիցներիս։ Գիտեմ, թե որքան ջանք ու զոհողություն պահանջվեց յուրաքանչյուրիցդ՝ այս երկրորդ աստղին հասնելու համար։ Հպարտ եմ, որ այս ճանապարհն անցել եմ ձեզ հետ։ Շնորհակալություն նաև մարզչական շտաբին և բոլոր նրանց, ովքեր ուղեկցել են «առյուծներին»։
Ցանկանում եմ իմ հարգանքն ու աջակցությունը հայտնել Մարոկկոյի ժողովրդին և հավաքականի ֆուտբոլիստներին։ Նրանք հիանալի ճանապարհ են անցել և հպարտանալու շատ բան ունեն։ Նրանց ամենայն բարիք եմ մաղթում ապագայում։
Սենեգալն ու Մարոկկոն եղբայրական ժողովուրդներ են։ Թող ֆուտբոլի հանդեպ սերը շարունակի ավելի մտերմացնել մեզ», – գրել է Մանեն։
Նշենք, որ CAS-ը չեղարկել է Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CAF) վերաքննիչ կոմիտեի որոշումը՝ Սենեգալին տեխնիկական պարտություն գրանցելու վերաբերյալ, և ուժի մեջ թողել CAF-ի կարգապահական կոմիտեի նախնական որոշումը։ Արդյունքում եզրափակիչի գրանցված արդյունքը՝ Սենեգալի հաղթանակը 1։0 հաշվով, պահպանվել է։




























































