UFC-ի նախկին չեմպիոն Չարլզ Օլիվեյրան խոսել է Արման Ծառուկյանի հետ հնարավոր ռևանշի մասին՝ նշելով, որ այն կարող է կայանալ թեթև քաշային կարգի թափուր չեմպիոնական գոտու համար։
Բրազիլացի մարտիկի խոսքով՝ առաջիկա մենամարտում Դիեգո Լոպեսին հաղթելուց հետո նա կարող է մրցել Ջասթին Գեյջիի դեմ չեմպիոնական տիտղոսի համար։ Սակայն Օլիվեյրան կարծում է, որ ամերիկացին կարող է ավարտել մարզական կարիերան, ինչի դեպքում տիտղոսի համար կմենամարտեն ինքն ու Ծառուկյանը։
«Անկասկած, ես դեռ կհանդիպեմ Արմանի հետ։ Դիեգոյին հաղթելուց հետո կամ կանցնեմ հաջորդ փուլ, կամ անմիջապես կմենամարտեմ Գեյջիի հետ տիտղոսի համար։ Մենք պատմություն ունենք, և ես ավելի շատ դիտումներ եմ ապահովում։ Սակայն կարծում եմ՝ Ջասթինը կավարտի կարիերան։ Այդ դեպքում Չարլզ Օլիվեյրան կմենամարտի Արմանի դեմ՝ տիտղոսի համար։ Այո՛, մենք կպայքարենք թափուր գոտու համար։ Եթե Գեյջին ավարտի կարիերան, ապա կլինի Օլիվեյրա-Ծառուկյան մենամարտը, իսկ եթե ոչ՝ Օլիվեյրա-Գեյջի», — Օլիվեյրայի խոսքերն է փոխանցում AgFight-ը։
Հիշեցնենք, որ Օլիվեյրան և Ծառուկյանն արդեն հանդիպել են 2024 թվականի ապրիլին՝ UFC 300 մրցաշարում։ Այդ մենամարտում հայ մարտիկը մրցավարների որոշմամբ հաղթանակ է տարել։



























































