Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը դարձել է հաղթական գոլի հեղինակ՝ իր թիմին՝ «Բարրակաս Սենտրալին», դուրս բերելով Արգենտինայի առաջնության փլեյ-օֆֆի քառորդ եզրափակիչ։
Նոյեմբերի 21-ին «Նորբերտո Տոմագելյո» մարզադաշտում կայացած 1/8 եզրափակիչի արտագնա խաղում «Բարրակաս Սենտրալը» նվազագույն՝ 1։0 հաշվով առավելության է հասել «Դեֆենսա ի Խուստիսիայի» նկատմամբ։
Հանդիպման ելքը վճռող միակ գոլը գրանցվել է 29-րդ րոպեին․ Իվան Տապիայի իրացրած անկյունայինից հետո Բրիասկո Բալեկյանը գլխի դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը։
Հայ հարձակվողն ընդգրկված է եղել մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրել 79 րոպե։ Հյուրերին հաջողվել է պահպանել նվազագույն առավելությունը մինչև եզրափակիչ սուլիչն ու շարունակել պայքարը չեմպիոնական տիտղոսի համար։
Քառորդ եզրափակիչում «Բարրակաս Սենտրալի» մրցակիցը կլինի «Ռոսարիո Սենտրալ» – «Խիմնասիա ի Էսգրիմա» զույգի հաղթողը։




























































