Աշխարհի 2026 թվականի առաջնությանը ընդառաջ ազգային հավաքականները շարունակում են նախապատրաստվել գլխավոր ստուգատեսին՝ անցկացնելով ընկերական հանդիպումներ։
Գերմանիայի հավաքականը շարունակում է իր տպավորիչ ելույթները։ Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմն ընկերական խաղում ուժերը չափեց ԱՄՆ-ի ընտրանու հետ և առավելության հասավ 2:1 հաշվով։ Բունդեսթիմի կազմում գոլերի հեղինակ դարձան Կայ Հավերցն ու Լերոյ Սանեն, իսկ ամերիկացիների միակ գնդակը խփեց Էնթոնի Ռոբինսոնը։ Այս հաջողության շնորհիվ Գերմանիայի ընտրանին տոնեց իր 9-րդ անընդմեջ հաղթանակը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ում գերմանացիները հանդես կգան E խմբում (Կյուրասաո, Կոտ դ’Իվուար, Էկվադոր), իսկ ԱՄՆ-ի հավաքականը D խմբում կմրցի Պարագվայի, Ավստրալիայի և Թուրքիայի հետ։
Տեսանյութը՝ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար կայացած մեկ այլ ընկերական խաղում Պորտուգալիայի ազգային հավաքականը նույն 2:1 հաշվով պարտության մատնեց Չիլիին։ Եվրոպացիներին հաղթանակ պարգևեցին Գոնսալու Գեդեշի և Բրունու Ֆերնանդեշի դիպուկ հարվածները, իսկ չիլիացիների կազմում աչքի ընկավ Լուկաս Սեպեդան։
Այս հանդիպումն առանձնացավ ոչ միայն գոլերով, այլև կրքերի բուռն պոռթկումով։ Առաջին խաղակեսի վերջնամասում ֆուտբոլիստների միջև ծագած ծեծկռտուքի արդյունքում մրցավարը ստիպված եղավ միջամտել և կարմիր քարտով դաշտից հեռացրեց պորտուգալացի Ռաֆայել Լեաուին ու չիլիացի Իվան Ռոմանին։
Ինչ վերաբերում է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուին, ապա նա դաշտ էր դուրս եկել Պորտուգալիայի մեկնարկային կազմում, սակայն ընդմիջմանը փոխարինվեց։
Նշենք, որ ԱԱ-2026-ի խմբային փուլում Պորտուգալիան ընդգրկված է H խմբում՝ Ուզբեկստանի, Կոլումբիայի և Կոնգոյի ԴՀ-ի հետ, մինչդեռ Չիլիի հավաքականին չի հաջողվել նվաճել Մունդիալի ուղեգիր։
Տեսանյութը՝ԱՅՍՏԵՂ




























































