«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է իր թիմի՝ Եվրոպա լիգայի եզրափակիչ դուրս գալը։ Կիսաեզրափակչում իսպանական թիմը երկու խաղի արդյունքում հաղթահարեց «Արսենալի» արգելքը (2-1, 0-0)։
«Շատ ենք հպարտանում մեզնով, չէ՞ որ «Արսենալը» հիանալի թիմ է, իսկ մենք այսօր հրաշալի աշխատանք կատարեցինք, ինչպես՝ առաջին խաղում, ու արժանիորեն դուրս եկանք եզրափակիչ։ Մենք ամենայն լրջությամբ էինք մոտենում այս խաղին, իմ ֆուտբոլիստներն ամբողջ ընթացքում օգնում էին իրար։
Եղան պահեր երբ մենք, տիրելով գնդակին, վերահսկում էինք խաղի ընթացքը։ Ճիշտ է՝ գոլ խփելու ավելի լավ պահ ունեցավ «Արսենալը»։ Դա պետք է խոստովանել։ Գիտեմ, որ մեզ համար հեշտ չի լինի խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ, բայց այսօր մենք վայելեցինք պահը։ Մենք արժանի ենք նրանց հետ դիմակայությանն ու երկրպագուներին ցույց կտանք մեր լավագույն խաղը»,- Էմերիի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Եվրոպա լիգայի եզրափակիչը՝ «Վիլյառեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև, տեղի կունենա մայիսի 26-ին Գդանսկում։