Անգլիայի անկախ ֆուտբոլային կարգավորող մարմինը կարող է թույլ չտալ Պրեմիեր լիգայի ակումբներին մասնակցել ՖԻՖԱ-ի մրցաշարերին, այդ թվում՝ Ակումբային աշխարհի առաջնությանը, եթե դրանք խոչընդոտեն Անգլիայի ներքին առաջնության օրացույցին և տեղական ակումբների զարգացմանը։
Նման հնարավորության մասին խոսել է կարգավորող մարմնի ղեկավար Դեյվիդ Քոգանը՝ ընդգծելով, որ ՖԻՖԱ-ի ակումբային մրցաշարերի զարգացումը պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի անգլիական ֆուտբոլի կառավարման մարմինների կողմից։
«Ակնհայտ է, որ այլ կառույցների, որոնց թվում ամենավառ օրինակը ՖԻՖԱ-ն է, կողմից քայլեր են ձեռնարկվում գլոբալ ակումբային մրցաշարեր ստեղծելու ուղղությամբ։ Դրանք այժմ դուրս են գալիս անգլիական ֆուտբոլի ավանդական մրցաշրջանի շրջանակներից և անցկացվում են չորս տարին մեկ։
Այս մրցաշարերը կարող են փոփոխվել։ Եթե դա տեղի ունենա, մենք պետք է շատ ուշադիր ուսումնասիրենք դրանք՝ հասկանալու համար, թե ինչ ազդեցություն կունենան անգլիական ֆուտբոլի և դրա կայունության վրա։ Արդյո՞ք նման իրավիճակում գործելու լիազորություններ ունենք։ Այո՛, ունենք։
Եթե մեկ այլ լիգա հանկարծ խաթարի ֆուտբոլի՝ այս հինգ դիվիզիոններում գործող ավանդական համակարգը, մենք ստիպված կլինենք այդ հարցին շատ լուրջ վերաբերվել»,- հայտարարել է Քոգանը, որի խոսքերն է մեջբերում The Independent-ը։
Նրա խոսքով՝ ՖԻՖԱ-ի մրցաշարերի հնարավոր փոփոխությունները կարող են դառնալ անգլիական ֆուտբոլի կարգավորող մարմնի միջամտության առարկա։


























































