Արդեն հայտնել ենք, որ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստի ընթացքում որոշում է կայացվել 2 մլն ՀՀ դրամով տուգանել «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա», «Շիրակ», «Փյունիկ», «Ուրարտու», «Նոա», «Վան» և «Լոկոմոտիվ» ակումբներին ՝ ֆուտզալի թիմ չապահովելու համար :
Այս առիթով ArmSport-ը կապ է հաստատել ակումբների հետ:
Մեզ հետ զրույցում իրենց դիրքորոշումն են հայտնել «Փյունիկ», «Նոա», «Լոկոմոտիվ» ակումբները: Ավելի վաղ թեմային անդրադարձել էր նաև «Վանի» գլխավոր մարզիչ և ակումբի փոխնախագահ Կարեն Բարսեղյանը:
«Փյունիկ»
«Ստեղծված ճգնաժամային իրավիճակում, երբ հայկական ակումբները կանգնել են գոյատևման խնդրի առաջ, տուգանքները ամենաքիչը կօգնեն հայկական ֆուտբոլի զարգացմանը»։
«Նոա»
«Դե, իհարկե նախապես տեղյակ ենք եղել հնարավոր պատժամիջոցի մասին, թեև չէինք կարծում, որ այն կկիրառվի ներկայիս ճգնաժամային վիճակում։ Ամեն դեպքում, ընթացիկ մրցաշրջանում կենտրոնացած ենք հիմնական թիմի վրա և աշխատանքներ ենք տանում «Նոայի» ակադեմիա հիմնելու ուղղությամբ»։
«Լոկոմոտիվ»
«Գիտեինք իհարկե, որ պետք է ունենանք ֆուտզալի թիմ, և թե ինչ է սպասվում դա չունենալու դեպքում, ուղղակի ոչ մեկս էլ չէինք սպասում, որ գարնանը կկանգնենք այսպիսի ֆինանասական խնդիրների առաջ: Իհարկե, մի փոքր դժվարացել է ամեն ինչ, քանի որ ֆինանսական խնդիրներ կան, ինչպես բոլոր ակումբներում, բայց մենք շարունակում ենք աշխատանքը բնականոն հունով և փորձելու ենք գալիք մրցաշրջանում հանդես գալ Բարձրագույն խմբում»:
Հիշեցնենք, որ «Ալաշկերտ» և «Շիրակ» ակումբները պատասխանել են, որ ՀՖՖ Կարգապահական կոմիտեի որոշումը նախընտրում են թողնել առանց մեկնաբանության: