Ալբանիայի Դուրես քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 տարեկանների առաջնությունում Հայաստանը նվաճեց առաջին երկամարտի մեդալը:
Մինչև 23 տարեկանների 65 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Սեյրան Խուդանյանը (Բաղրամյան համայնք) պոկում վարժությունում հաջողությամբ գլխավերևում պահեց 110 կգ, 114 կգ և 117 կգ ծանրաձողերը:
Հրում վարժությունում հայ ծանրորդը հաջող կատարեց 135 կգ և 139 կգ մոտեցումները՝ այս ձևում արժանանալով փոքր բրոնզե մեդալի: Երկամարտի 256 կգ արդյունքով Խուդանյանը նվաճեց Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալը:
Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը ավելի վաղ երիտասարդների 65 կգ քաշային կարգում Դավիթ Առաքելյանը երկամարտի 275 կգ արդյունքով զբաղեցրել էր 5-րդ հորիզոնականը (պոկում վարժությունում նվաճելով փոքր արծաթե մեդալ), իսկ Արտուշ Գրիգորյանը երկամարտի 261 կգ արդյունքով 10-րդն էր:



























































