Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է փոխել ակումբային գրանցումը առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Բասկյան ակումբից ֆուտբոլիստի հնարավոր հեռանալու մասին հայտնել է Սան Սեբաստիանի Donosti Sport պարբերականի խմբագիր Ջովանի Բատիստան։
Այն հարցին, թե արդյոք «Ռեալ Սոսյեդադը» ձմռանը Զախարյանին վարձակալությամբ բաց թողնելու տարբերակ կփնտրի, իսպանացի լրագրողը դրական պատասխան է տվել․
«Այո՛, սա այն տարբերակներից մեկն է, որը դիտարկվում է նրա հետագա առաջընթացն ու զարգացումն ապահովելու նպատակով։ Կարծում եմ՝ լավագույն լուծումը նրան վարձակալությամբ տրամադրելն է։ Վաճառքը կարող է հապճեպ որոշում լինել, սակայն եթե գտնվի մի ակումբ, որտեղ նա կկարողանա խաղալ, դա նրան միայն օգուտ կտա»,- նշել է Բատիստան։
Հավելենք, որ 2023 թվականին «Ռեալ Սոսյեդադը» կիսապաշտպանի տրանսֆերը Մոսկվայի «Դինամոյից» գնել է 13 միլիոն եվրոյով։ Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը մասնակցել է 9 հանդիպման՝ խաղադաշտում անցկացրած 183 րոպեում դառնալով 2 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։




























































