Ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնությունը պատմության մեջ առաջինն է, որին մասնակցում է 48 ազգային հավաքական: Մասնակիցների նման աննախադեպ աճը հանգեցրել է մրցաշարի ձևաչափի գլոբալ փոփոխությունների՝ հատկապես փլեյ-օֆֆ փուլում:
Ըստ նոր կանոնակարգի՝ խմբային փուլում բոլոր 48 հավաքականները բաժանված են 12 խմբի՝ յուրաքանչյուրում ներառելով չորսական թիմ: Յուրաքանչյուր հավաքական իր քառյակում կանցկացնի երեք հանդիպում։ Խմբային փուլի արդյունքներով ուղիղ կերպով փլեյ-օֆֆ դուրս կգան յուրաքանչյուր խմբում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը՝ ապահովելով 24 ուղեգիր: Մնացած ութ տեղերը բաժին կհասնեն այն հավաքականներին, որոնք լավագույն արդյունքը ցույց կտան խմբերում երրորդ հորիզոնականը զբաղեցրած թիմերի շարքում։
Այսպիսով, ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում պայքարը կշարունակի միանգամից 32 հավաքական, ինչը գլխավոր տարբերությունն է նախորդ Մունդիալներից, որտեղ արդեն իսկ ավանդական դարձած փլեյ-օֆֆը սկսում էին 16 թիմեր: Այս ընդլայնված ձևաչափի պատճառով ավելացել է նոր փուլ՝ 1/16 եզրափակիչը։ Սկսած այս հատվածից՝ մրցաշարն անցկացվելու է դասական օլիմպիական համակարգով, որտեղ պարտվող թիմն անմիջապես լքում է պայքարը: 1/16 եզրափակիչին կհաջորդեն 1/8 եզրափակիչը, քառորդ եզրափակիչը, կիսաեզրափակիչը, երրորդ տեղի համար մխիթարական հանդիպումը և, իհարկե, մեծ եզրափակիչը:
Նոր համակարգը ենթադրում է նաև անցկացվելիք հանդիպումների ռեկորդային ցուցանիշ. մրցաշարի շրջանակներում ընդհանուր առմամբ կկայանա 104 խաղ։ Հիշեցնենք, որ այս մասշտաբային առաջնությունը համատեղ հյուրընկալում են երեք երկրներ՝ Միացյալ Նահանգները, Կանադան և Մեքսիկան: Տարվա գլխավոր ֆուտբոլային իրադարձության եզրափակիչ հանդիպումը նախատեսված է անցկացնել հուլիսի 19-ին:
























































