ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում ընթացող Ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության G խմբի առաջին տուրում Բելգիայի և Եգիպտոսի ազգային հավաքականները ոչ-ոքի խաղացին: Սիեթլի «Լյումեն Ֆիլդ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Խաղի հաշիվը 19-րդ րոպեին բացեցին «փարավոնները». տուգանային հրապարակից դուրս կատարած հիանալի հարվածով աչքի ընկավ եգիպտոսցի կիսապաշտպան Էմամ Աշուրը: Գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը, ով այդ օրը նշում էր իր 34-ամյակը։
Հատկանշական է, որ 28-ամյա Աշուրը խփած գնդակը տոնեց յուրահատուկ ձևով՝ կրկնելով UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի ֆիրմային ու հայտնի քայլվածքը:
/i/u/v/1781554459421501021.jpg)
«Կարմիր սատանաներին» հաջողվեց խուսափել պարտությունից միայն երկրորդ խաղակեսում։ 66-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ բելգիացիների հարձակվող Ռոմելու Լուկակուն, և խաղադաշտում հայտնվելուց ընդամենը 23 վայրկյան անց նրա ներկայությունը ճակատագրական եղավ: Եգիպտոսի հավաքականի պաշտպան Մոհամեդ Հանին, փորձելով ընդհատել եզրային կրակոցն ու թույլ չտալ, որ գնդակը հասնի արագացում վերցրած Լուկակուին, այն պատահաբար շեղեց սեփական դարպասը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ:
Բրազիլացի գլխավոր մրցավար Ռամոն Աբատիի սուլիչն ազդարարեց խաղի ավարտը. Բելգիան և Եգիպտոսը վաստակեցին մեկական միավոր:
G խմբի մյուս հանդիպումը, որտեղ կմրցեն Իրանի և Նոր Զելանդիայի հավաքականները, կկայանա հունիսի 16-ին:
2-րդ տուրում Բելգիան կմրցի Իրանի (հունիսի 21), իսկ Եգիպտոսը՝ Նոր Զելանդիայի հետ (հունիսի 22):
3-րդ տուրում բելգիացիները կհանդիպեն Նոր Զելանդիային, իսկ եգիպտոսցիները՝ Իրանին (երկու խաղերն էլ՝ հունիսի 27-ին):
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ը մեկնարկել է հունիսի 11-ին և կտևի մինչև հուլիսի 19-ը: Աշխարհի գործող չեմպիոնն Արգենտինայի հավաքականն է:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
























































