ԱԱ-2026-ի խմբային փուլի առաջին տուրում Հարավային Կորեայի հավաքականը դրամատիկ պայքարում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Չեխիայի նկատմամբ։ A խմբի հանդիպումը կայացավ Մեքսիկայի Սապոպան քաղաքի «Էստադիո Ակրոն» մարզադաշտում։
Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում և առանց գոլերի, սակայն հիմնական իրադարձությունները զարգացան ընդմիջումից հետո։ 59-րդ րոպեին Լադիսլավ Կրեյչին բացեց հաշիվը՝ գլխի դիպուկ հարվածով։ Չեխերի ուրախությունը, սակայն, կարճ տևեց. կորեացիներին հաջողվեց արագորեն վերականգնել հավասարությունը Հվան Ին Բոմի ջանքերով։
77-րդ րոպեին Չեխիան կարող էր կրկին առաջ անցնել, բայց Տոմաշ Սոուչեկի խփած գոլը չեղարկվեց VAR-ի միջամտությունից հետո՝ խաղից դուրս վիճակի պատճառով։ Դրան անմիջապես հաջորդեց կորեացիների սուր պատասխան գրոհը, որն արդյունավետ հարվածով եզրափակեց Օ Հյոն Գյուն՝ հաղթանակ պարգևելով ասիական թիմին։

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց կորեացի կիսապաշտպան Հվան Ին Բոմը, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Նա փոխարինվեց 84-րդ րոպեին՝ իր տեղը զիջելով Պակ Ջին Սոբին:
Պատմական գոլ Չեխիայի համար. Լադիսլավ Կրեյչիի գնդակը Չեխիայի հավաքականի առաջին գոլն էր Աշխարհի առաջնություններում վերջին 20 տարվա ընթացքում: Նախորդ անգամ չեխերն աչքի էին ընկել 2006 թվականի հունիսի 12-ին, երբ Յան Կոլերը գրավել էր ԱՄՆ-ի դարպասը (3:0):
Չեխերի հակառեկորդը. Չնայած գոլային երաշտը կոտրելուն՝ Չեխիան կրեց իր երրորդ անընդմեջ պարտությունը Աշխարհի առաջնություններում (նախորդ երկուսը՝ 2006-ին Գանայից և Իտալիայից): Սա թիմի ամենաերկար պարտությունների շարքն է այս մրցաշարում՝ սկսած 1966 թվականից:
Կորեայի հաղթական շարքը եվրոպացիների դեմ. Ասիական հավաքականն ԱԱ-ներում տարավ իր երրորդ անընդմեջ հաղթանակը եվրոպական թիմերի նկատմամբ: Նախկինում նրանք խմբային փուլում պարտության էին մատնել Պորտուգալիային (2:1՝ 2022թ.) և Գերմանիային (2:0՝ 2018թ.):
A խմբում Հարավային Կորեան վաստակած 3 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Առաջատարը Մեքսիկան է, որը բացման խաղում 2:0 հաշվով հաղթել էր Հարավաֆրիկյան Հանրապետությանը (ՀԱՀ)։ Չեխիան ու ՀԱՀ-ը դեռ միավորներ չունեն։
Հաջորդ տուրում, որը կկայանա լույս հունիսի 19-ի գիշերը, Հարավային Կորեան կմրցի Մեքսիկայի հետ, իսկ Չեխիան հունիսի 18-ին կփորձի առաջին միավորները վաստակել ՀԱՀ-ի հետ խաղում:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
























































