Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 27-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ ընդունեց Մախաչկալայի «Դինամոյին» և 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ։ Հանդիպումը կայացավ Կրասնոդարի «Օզոն Արենայում»։
Խաղի հաշիվը բացվեց արդեն 4-րդ րոպեին․ հյուրերի հարձակվող Հազեմ Մաստուրի հարվածից հետո գնդակն անդրադարձով հայտնվեց դարպասում։ Ինքնագոլը գրանցվեց տանտերերի պաշտպան Դիեգո Կոստայի անվամբ։ 29-րդ րոպեին «ցուլերի» կիսապաշտպան Նիկիտա Կրիվցովը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 66-րդ րոպեին հարձակվող Ջոն Կորդոբան, գլխով եզրափակելով Ջովանի Գոնսալեսի փոխանցումը, հաղթանակ պարգևեց իր թիմին։
Նշենք, որ հանդիպման 36-րդ րոպեին «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոց հարվածը. նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» վաստակեց 60 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 4 միավորով առաջ պոկվելով երկրորդ տեղում ընթացող Սանկտ Պետերբուրգի «Զենիթից»։ Մախաչկալայի «Դինամոն» 24 միավորով զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։




























































