«Ինտեր Մայամին» մտադիր է պայմանագիր առաջարկել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին, ով ավելի վաղ հայտարարել էր ընթացիկ մրցաշրջանի ավարտին անգլիական ակումբից հեռանալու որոշման մասին։ Այս մասին հաղորդում է բրիտանական The Independent պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ տեղափոխության հիմնական խոչընդոտը կարող է դառնալ MLS-ի աշխատավարձերի սահմանաչափը: Ըստ կանոնակարգի՝ յուրաքանչյուր ակումբ կարող է հայտավորել միայն երեք ֆուտբոլիստի, որոնց աշխատավարձը չի ներառվում ակումբի ընդհանուր աշխատավարձային ֆոնդի սահմանափակումների մեջ։
Այս պահի դրությամբ «Ինտեր Մայամիում» այդ բոլոր երեք տեղերն արդեն զբաղված են։ Հետևաբար, Սալահի տեղափոխությունն իրականացնելու համար ակումբը ստիպված կլինի բաժանվել թիմի ներկայիս առաջատարներից մեկից։
























































