Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ անսպասելիորեն զիջեց «Ալավեսին»՝ 1:2 հաշվով։ Հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն վերլուծեց պարտության պատճառները, կոշտ քննադատության ենթարկեց մրցավար Սեսար Սոտո Գրադոյին և անդրադարձավ Ջուդ Բելինգհեմի հեռացմանն ու Արդա Գյուլերի դժգոհությանը։
Մոուրինյուն ընդունեց, որ իր թիմին չի հաջողվել կոտրել մրցակցի կազմակերպված պաշտպանությունը, իսկ ֆուտբոլիստներին պակասել է ֆիզիկական թարմությունը։
«Մրցում էինք մի թիմի դեմ, որը մեծ ուժերով պաշտպանվում էր։ Գնդակը խլելուց հետո նրանք չէին էլ փորձում վերահսկել այն, այլ անմիջապես ուղարկում էին առաջ՝ հակագրոհելու համար։ Մենք փոխանցումներ էինք անում, շարժում գնդակը, բայց բավարար ներկայություն չունեինք մրցակցի տուգանայինում։ Համաձայն եմ, որ թիմին թարմություն չէր բավականացնում։ Բայց եթե չափից շատ փոփոխություններ անես, կարող ես վտանգել խաղի ընթացքը։ Ի վերջո, պատասխանատվությունն իմն է, որոշումներն էլ՝ իմը։ Կորցրինք միավորներ, որոնք կորցնելու իրավունք չունեինք»։
Պորտուգալացի մասնագետը խիստ դժգոհություն հայտնեց, որ մրցավարը չափազանց մեղմ է գտնվել խաղի տեմպը խափանելու փորձերի նկատմամբ՝ հիշեցնելով «Ալավեսի» պահեստայինների նստարանից երկու անգամ խաղադաշտ նետված լրացուցիչ գնդակների մասին։
«Միակ բանը, որն իսկապես տգեղ է, խաղը կանգնեցնելու նպատակով խաղադաշտ երկրորդ գնդակ նետելն է։ Այսօր ֆուտբոլում այլևս ոչ ոք նման բան չի անում, իսկ մրցավարը շատ մեղմ էր։ Շնորհավորում եմ Կիկե Սանչես Ֆլորեսին՝ իր մարտավարության համար։ Տեսնենք՝ հաջորդ մրցաշրջանում ում կհեռացնի այս մրցավարը։ Երկու տարի առաջ Մբապեն էր, անցյալ տարի՝ կարծեմ Վինիսիուսը, հիմա՝ Բելինգհեմը։ Հաջորդ տարի հերթը Կուրտուայի՞ն կհասնի։ Կարծում եմ՝ նրան դուր է գալիս իր իշխանությունը ցույց տալը, սիրում է իրեն ֆուտբոլային աստղի տեղ դնել։ Բայց մենք նրա պատճառով չենք պարտվել․ պարտվել ենք մեր և իմ սխալների պատճառով»։
Հանդիպման 86-րդ րոպեին Սոտո Գրադոն 11-մետրանոց նշանակեց «Ռեալի» օգտին՝ Նիկո Վալենտինիի և Բելինգհեմի պայքարից հետո, սակայն VAR-ի դիտումից հետո չեղարկեց որոշումն ու 88-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով հեռացրեց անգլիացուն՝ սիմուլյացիայի համար։
«Դրվագը տեսա պլանշետով՝ պահեստայինների նստարանից։ Ինձ այն կասկածելի թվաց, բայց Ջուդն ասում է, որ 11-մետրանոց կար։ Եթե ֆուտբոլիստը խաղից հետո ասում է, որ իրեն դիպել են, ես պարտավոր եմ հավատալ նրան»։
Մոուրինյուն չցանկացավ ուռճացնել Արդա Գյուլերի բացասական արձագանքը, երբ նրան փոխարինեց Կառլոս Էսպիով։
«Միանգամայն նորմալ է, երբ խաղալ ցանկացող ֆուտբոլիստը դժգոհում է փոխարինվելիս։ Եթե պատմություն եք ուզում, ապա վաղը ձեր առջև պարզ պատմություն կա՝ «Ռեալը» պարտվել է։ Պետք չէ պատմություններ հորինել այնտեղ, որտեղ դրանք չկան»։
Անդրադառնալով Վինիսիուս Ժունիորի փոխարինման ժամանակ տրիբունաների դժգոհությանը՝ մարզիչը կարճ նշեց, որ այդ երեկո իր թիմում ոչ ոք առանձնապես լավ չի խաղացել։
Հավելենք, որ հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին Դին Հոյսենի սխալից հետո բացել էր Տոնի Մարտինեսը, 61-րդ րոպեին Անխել Պերեսը կրկնապատկել էր հյուրերի առավելությունը, իսկ «Ռեալի» կազմում միակ գոլը երկրորդ խաղակեսում խփել էր Կիլիան Մբապեն։ Սա մադրիդցիների առաջին տնային պարտությունն էր ընթացիկ մրցաշրջանում, ինչով ընդհատվեց նրանց 10 անընդմեջ հաղթանակների շարքը։ «Ռեալը» 33 միավորով մնաց 3-րդ տեղում (1 միավորով զիջելով «Ատլետիկոյին» և 3-ով՝ մեկ խաղ պակաս անցկացրած «Բարսելոնային»), իսկ «Ալավեսը» 19 միավորով բարձրացավ 8-րդ հորիզոնական։
























































