Հայաստանը ներկայացնող UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար մարտիկ Արման Ծառուկյանը հերթական վառ հաղթանակն է տոնել ըմբշամարտի գորգում։
Նոյեմբերի 28-ին ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում կայացած Real American Freestyle (RAF) 15 մրցաշարում Ծառուկյանն ընդամենը 45 վայրկյանում պարտության է մատնել UFC-ի նախկին չեմպիոն Էնթոնի Փեթիսին՝ պաշտպանելով միջին քաշային կարգի «քրոսովեր» չեմպիոնական գոտին։
Երեկոյի համագլխավոր գոտեմարտի մեկնարկից անմիջապես հետո ամերիկացին փորձել է պահել տարածությունը և խուսափել հայ մարտիկի գրոհներից, սակայն Ծառուկյանն արագորեն կրճատել է այն, անցել մրցակցի թիկունք և կատարել 4 միավորանոց արդյունավետ նետում։ Այնուհետև նա շրջել է Փեթիսին ու երկու թիակներով սեղմել գորգին՝ գրանցելով մաքուր հաղթանակ (տուշե)։
Մրցավարական սեղանի մոտ կարճատև քննարկում է ծավալվել, քանի որ մրցաշարի մեկնաբանները կասկածի տակ են դրել տուշեի չափազանց արագ գրանցումը, սակայն մրցավարները հաստատել են որոշումը։
Գոտեմարտից հետո Ծառուկյանը կատակել է հանդիպման կարճ տևողության շուրջ և մարտահրավեր նետել օլիմպիական չեմպիոն, UFC-ի նախկին կրկնակի չեմպիոն Հենրի Սեհուդոյին։
«Մի փոքր արագ ստացվեց։ Ուզում էի ավելի երկար շոու պարգևել այս հանդիսատեսին։ Բերեք այստեղ այդ փոքրիկ տղային՝ Հենրի Սեհուդոյին, նրա հետ էլ նույնը կանեմ»,— հայտարարել է հայ մարտիկը։
Հատկանշական է, որ նույն երեկոյի գլխավոր գոտեմարտում Սեհուդոն 11:0 հաշվով՝ տեխնիկական առավելությամբ հաղթել է Սոնգ Յադոնգին և պատասխանել Ծառուկյանի մարտահրավերին։ Ամերիկացին պատրաստակամություն է հայտնել գոտեմարտել Արմանի հետ, եթե կողմերը համաձայնության գան քաշային տարբերության հարցում։
Ինչպես MMA Fighting-ին հայտնել է RAF-ի համահիմնադիր Չեդ Բրոնշտեյնը, Ծառուկյան – Սեհուդո դիմակայությունը կկայանա 2027 թվականի հունվարի 23-ին՝ Շառլոթում նախատեսված RAF 17 մրցաշարի շրջանակում։
Հավելենք, որ սա Ծառուկյանի 10-րդ հաղթանակն էր RAF-ում (10 հաղթանակ, 1 պարտություն) և արդեն 3-րդը՝ վերջին շաբաթների ընթացքում։ Մինչ Փեթիսին հաղթելը հայ մարտիկը տեխնիկական առավելությամբ պարտության էր մատնել նաև Դիլոն Դենիսին և Նեյման Գրեյսիին։




























































