Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 13-րդ տուրում «Ալ-Ահլին» սեփական հարկի տակ՝ «Ալինմա» մարզադաշտում, 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ալ-Թաավունի» նկատմամբ։
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանն ընդգրկված էր տանտերերի մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրեց 82 րոպե, որից հետո փոխարինվեց։ Հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացել էին հյուրերը՝ Նեդիմ Բայրամիի դիպուկ հարվածով, սակայն առաջին խաղակեսի ավելացված 2-րդ րոպեին հենց Սպերցյանի գոլային փոխանցումից հետո անգլիացի հարձակվող Այվան Թոունին վերականգնեց հավասարակշռությունը։
Երկրորդ կեսում «Ալ-Ահլին» կարողացավ բեկել խաղի ընթացքը․ 72-րդ րոպեին Թոունին դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ ձևակերպելով դուբլ, իսկ 89-րդ րոպեին հանդիպման վերջակետը դրեց Մատեուս Գոնսալվեշը։
Այս հաղթանակից հետո «Ալ-Ահլին» 27 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։ Ընթացիկ առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































