«Ալավեսի» կիսապաշտպան Դենիս Սուարեսը պատասխանել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի մեղադրանքներին՝ հերքելով, որ իր թիմի պահեստայինների նստարանից միտումնավոր լրացուցիչ գնդակներ են նետվել խաղադաշտ։
Հիշեցնենք, որ Լա լիգայի 14-րդ տուրում «Ալավեսից» կրած 1:2 հաշվով պարտությունից հետո Մոուրինյուն դժգոհել էր, որ մրցակցի նստարանից երկու անգամ գնդակ է նետվել դաշտ՝ խաղի տեմպը խափանելու համար։ Պորտուգալացին նշել էր, որ կանոնների համաձայն՝ նման դեպքում մրցավարը պետք է հեռացներ մարզչին, նույնիսկ եթե անձամբ Կիկե Սանչես Ֆլորեսը չէր գնդակը նետողը։
«Jijantes» հաղորդման եթերում Սուարեսը վստահեցրել է, որ տեղի ունեցածը զուտ պատահականություն էր։
«Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Դա տեղի ունեցավ խաղավերջում, երբ երկու անգամ գնդակը հեռացրինք մեր տուգանայինից։ Պահեստայինների նստարանի հետևում ապակե հատված կա․ գնդակները հարվածեցին դրան, հետ ցատկեցին ու հայտնվեցին խաղադաշտում։ Մոուրինյուն, հավանաբար, մտածել է, որ մենք ենք նետում, քանի որ այդ պահին մեջքով էր կանգնած։ Բայց մեր նստարանին ընդհանրապես գնդակներ չկան։ Ավելին՝ հիմա ոչ մի թիմի նստարանին գնդակներ չեն պահում, դրանք դրված են խաղադաշտի շուրջը՝ հատուկ կոների վրա»,— պարզաբանել է Սուարեսը։
Կիսապաշտպանը նաև գնահատել է «Սանտյագո Բեռնաբեուում» տարած կարևոր հաղթանակը․
«Մենք կատարյալ հանդիպում անցկացրինք և հաղթեցինք։ Շատ լավ պաշտպանվեցինք, իսկ մեր ունեցած հնարավորությունները կարողացանք իրացնել»։
Հավելենք, որ հանդիպմանը «Ալավեսի» կազմում գոլերով աչքի էին ընկել Տոնի Մարտինեսն ու Անխել Պերեսը, իսկ «Ռեալի» միակ գոլը խփել էր Կիլիան Մբապեն։ Խաղավերջում VAR-ի միջամտությունից հետո չեղարկվել էր մադրիդցիների օգտին նշանակված 11-մետրանոցը, իսկ Ջուդ Բելինգհեմը սիմուլյացիայի համար երկրորդ դեղին քարտով հեռացվել էր խաղադաշտից։
























































