Հայկական «Նոան» հաղթական մեկնարկեց ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2025/26թթ․ խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլում՝ տնային հարկի տակ կարևոր առավելության հասնելով նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» նկատմամբ։
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած լարված դիմակայության ճակատագիրը վճռվեց երկրորդ խաղակեսում: 53-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանը հուժկու և անչափ գեղեցիկ հարվածով խփեց հանդիպման միակ ու հաղթական գոլը՝ լուսատախտակին վառելով 1:0 հաշիվը:
Հայ ֆուտբոլիստի ֆանտաստիկ գոլն ու «Նոայի» հաջողությունն աննկատ չեն մնացել նաև Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության ուշադրությունից։ ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում հատուկ գրառմամբ է անդրադարձել հանդիպմանը՝ հիացմունք արտահայտելով խփված գնդակի վերաբերյալ.
«Համբարձումյանի շքեղ գոլը (stunner) հաղթանակ է պարգևում «Նոային» առաջին խաղում»,- նշված է ՈւԵՖԱ-ի հրապարակման մեջ:
Այս հաղթանակից հետո հայկական ակումբը լուրջ հայտ է ներկայացնում հաջորդ փուլ դուրս գալու համար։ Թիմերի միջև վճռորոշ պատասխան հանդիպումը կկայանա Նիդերլանդներում՝ Ալկմար քաղաքում, փետրվարի 26-ին։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով կեսգիշերին։




























































