Բելառուսական «Նեմանի» հայ հարձակվող Գեղամ Կադիմյանը պատմել է, որ «Էներգետիկի» դարպասն ուղարկած իր գոլն ու հաղթանակը նվիրել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին:
Հանդիպումը կայացել է երեկ՝ ապրիլի 24-ին, Գրոդնոյում և ավարտվել է տանտերերի՝ 3-0 հաշվով հաղթանակով: Կադիմյանը 66-րդ րոպեին է դարձել գոլի հեղինակ՝ բացելով հանդիպման հաշիվը.
«Այսօր շատ կարևոր էր հաղթելը, որպեսզի կարողանայինք շտկել մրցաշարային աղյուսակում մեր դիրքը: Ուրախ ենք՝ հասանք մեր նպատակին: Ես կցանկանայի այս հաղթանակն ու իմ գոլը նվիրել հայերի՝ Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած Ցեղասպանության հիշատակին»,- Կադիմյանի խոսքերն է փոխանցում Sport24 -ը:
«Նեմանը» վաստակել է 8 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը: Կադիմյանը խփել է իր 3-րդ գոլն ընթացիկ առաջնությունում: