74 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Հրայր Ալիխանյանը ցավալի պարտություն կրեց Մ23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում՝ վճռորոշ գոտեմարտում 5։7 հաշվով զիջելով մոլդովացի Վասիլ Դիակոնին։
Հիշեցնենք՝ Ալիխանյանը մեկնարկում տարած 2 հաղթանակից հետո քառորդ եզրափակչում 2։4 հաշվով զիջել էր ադրբեջանցի Հաջիմուրադ Գաջիևին, վերջինս հասել էր եզրափակիչ և Ալիխանյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք էր ստացել։
Սփոփիչ գոտեմարտում արդեն Ալիխանյանը 10։0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել կոլումբացի Յոհան Սեբաստիան Սերնա Ռոդրիգեսին և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացել։
Այսօր ավելի վաղ ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը կարիերայում երկրորդ անգամ նվաճել էր Մ23 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչումը։