Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում։ Դավթյանն օղակների վարժության եզրափակչում հավաքել է 14.800 միավոր և հաղթող ճանաչվել։
Երկրորդ տեղը գրավել է Թուրքիայի, իսկ երրորդ տեղը՝ Իտալիայի ներկայացուցիչը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հարություն Մերդինյանն արծաթե մեդալակիր է դարձել նժույգթափերի վարժությունում։
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն էլ կմասնակցի հենացատկի, ազատ վարժության և պտտաձողի վարժությունների եզրափակիչներին։
Հայաստանի թիմին աշխարհի գավաթի եզրափակչում աջակցել են հայ համայնքի ներկայացուցիչները՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանի գլխավորությամբ։