Օլիմպավանում ուսումնամարզական հավաք անցկացնող ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի գավաթի խաղարկությանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն այսօր հրապարակել է հավաքականի կազմը, որը կմասնակցի մրցաշարին:
Հավաքական թիմը վերջին անագմ միջազգային մրցաշարի մասնակցել է փետրվարին: Կուրղինյանի խոսքով, Օլիմպիական վարկանիշային մրցաշարերից առաջ աշխարհի գավաթի խաղարկությունը լավ հնարավորություն է ուժերը ճիշտ գնահատելու համար.
«Վերջին միջազգային մրցաշարը եղել է Եվրոպայի առաջնությունը՝ փետրվարին՝ Հռոմում, դրանից հետո չենք մասնակցել միջազգային մրցաշարերի: Գալիք տարին օլիմպիական է և վարկանիշային մրցաշարեր ունենք: Սա շատ լավ հնարավորություն է, որ գնահատենք մեր ուժերը: Այս տարի սա վերջին մրցաշարն է: Հաջորդ տարվա օրացուցային պլանն արդեն կա և հունվարից կսկսենք նախապատրաստությունը: Գրաֆիկը խիտ է, սակայն դա մեզ համար նորություն չէ: Այն ինչ պետք է լիներ այս տարի, նույն ժամկետներով տեղափոխվել է հաջորդ տարի»,-նշեց մարզիչը:
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունը կկայանա դեկտեմբերի 12-ից 18-ը Բելգրադում։ Ազատ ոճայինները մրցագորգ դուրս կգան դեկտեմբերի 16-18-ը: