Մադրիդի «Ռեալը» շարունակում է երկարաժամկետ պայմանագրերով պահպանել թիմի առանցքային ֆուտբոլիստներին։ Հաջորդը, որը նոր համաձայնագիր կկնքի «արքայական» ակումբի հետ, թիմի ավագ Ֆեդերիկո Վալվերդեն է։
Ինչպես հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերն արդեն լիարժեք համաձայնության են հասել, և պաշտոնական հայտարարությունը սպասվում է մոտ ապագայում։ «Ֆեդե Վալվերդեն նոր պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ՝ մինչև 2031 թվականի հունիսը։ Ամեն ինչ պատրաստ է»,- գրել է Ռոմանոն։
Իսպանական AS-ի տեղեկություններով՝ ուրուգվայցի կիսապաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված էր մինչև 2029 թվականը։ Նոր համաձայնագրով էականորեն կբարձրանա նրա աշխատավարձը, ինչի արդյունքում Վալվերդեն կդառնա մադրիդյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը։ Նման պայմանները պայմանավորված են ոչ միայն նրա խաղային որակներով ու ունիվերսալությամբ, այլև թիմի ավագի կարգավիճակով։
Հիշեցնենք, որ Վալվերդեն «Ռեալի» համակարգին միացել է 2016 թվականի ամռանը՝ տեղափոխվելով ուրուգվայական «Պենյարոլից»։ 2017/18 մրցաշրջանը վարձավճարով «Դեպորտիվոյում» անցկացնելուց հետո նա վերադարձավ Մադրիդ և դարձավ առաջին թիմի անփոխարինելի խաղացողներից մեկը։
Վալվերդեի հետ համաձայնությունը «Ռեալի» ղեկավարության հերթական քայլն է․ վերջերս ակումբը նոր պայմանագրեր է կնքել նաև Արդա Գյուլերի, Օրելյեն Չուամենիի և Տիբո Կուրտուայի հետ։
Հավելենք, որ Մադրիդի «Ռեալն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի Չեմպիոնների լիգայում․ Երևանի ժամանակով նոյեմբերի 25-ին՝ 00:00-ին, մադրիդցիները սեփական հարկի տակ կընդունեն հոլանդական ՊՍՎ-ին։




























































