DAZN-ի տեսախցիկները ֆիքսել են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի՝ «Սելտայի» դեմ Լա Լիգայի 13-րդ տուրի հանդիպման (2։1) ընդմիջմանը թիմակիցների հետ ունեցած զրույցը։
«Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած խաղի առաջին խաղակեսից հետո մադրիդցիները պարտվում էին 0։1 հաշվով․ հյուրերն առաջ էին անցել արդեն 6-րդ րոպեին՝ Պաբլո Դուրանի գոլի շնորհիվ, իսկ 38-րդ րոպեին Մբապեն չէր կարողացել իրացնել 11-մետրանոցը՝ գնդակն ուղարկելով դարպասից վեր։
Ընդմիջմանը ֆրանսիացի հարձակվողը նախ ոգևորել է Յան Դիոմանդեին․
«Խաղը դեռ չի ավարտվել, դադարիր այդ մասին մտածել»,— ասել է Մբապեն թիմակցին։
Այնուհետև նա քննարկել է թիմի պաշտպանական գործողություններն Էդուարդու Կամավինգայի հետ՝ մատնանշելով մրցակցի՝ առանց հսկողության մնացող ֆուտբոլիստի («Սելտայի» 23 համար Ուգո Ալվարեսի) խնդիրը։
Մբապե. «Եթե դու մեզ ոչինչ չես ասում, ապա մենք պետք է առաջ վազենք»։
Կամավինգա. «Եթե որոշել եք առաջ գնալ, ապա գնացեք»։
Մբապե. «Լավ, բայց խնդիրն այն է, որ նրանց 23-րդ համարը՝ երկրորդ հարձակվողը, ամբողջ ժամանակ մենակ է մնում»։
Երկրորդ խաղակեսում «Ռեալին» հաջողվել է բեկել հանդիպման ընթացքն ու կամային հաղթանակ կորզել։ 66-րդ րոպեին հենց Մբապեի փոխանցումից հետո հաշիվը հավասարեցրել է Ջուդ Բելինգհեմը, իսկ 85-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Կառլոս Էսպին խփել է հաղթական գոլը։
Հավելենք, որ սա «Ռեալի» 9-րդ անընդմեջ հաղթանակն էր սեփական հարկի տակ։
























































