Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղում (3-2) կարմիր քարտ է ստացել արդեն պահեստայինների նստարանին գտնվելու ժամանակ։ Միջադեպը տեղի է ունեցել հանդիպման 74-րդ րոպեին։
Հանդիպման գլխավոր մրցավար Ալեխանդրո Էռնանդես Էռնանդեսի կազմած պաշտոնական արձանագրության համաձայն՝ Լոպեսը վեր է կացել պահեստայինների նստարանից, մոտեցել չորրորդ մրցավարին և բարձրաձայն իր դժգոհությունն ու բողոքն արտահայտել նրա գործողությունների վերաբերյալ։ Իսպանացի ֆուտբոլիստը մրցավարական անձնակազմի ներկայացուցչի հասցեին բազմիցս բղավել է «Գլուխս մի՛ տարեք» արտահայտությունը՝ օգտագործելով ավելի կոպիտ և ոչ ցենզուրային ձևակերպումներ։ Դրանից հետո Ֆերմինն գնացել է դեպի հանդերձարան՝ նույնիսկ չսպասելով, մինչև մրցավարն իրեն կարմիր քարտ ցույց կտա։
Հիշեցնենք, որ իսպանացի կիսապաշտպանն այդ խաղում դարձել էր գոլի հեղինակ՝ հավասարեցնելով հաշիվը (2-2), իսկ 68-րդ րոպեին փոխարինվել էր՝ իր տեղը զիջելով Դանի Օլմոյին։ Կատալոնացիների գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նույնպես դեղին քարտ է ստացել բողոքների համար։ Հանդիպումից հետո գերմանացի մասնագետը խոստովանել է, որ այդպես էլ չի հասկացել իր Ֆերմինի հեռացման պատճառը։
Ինչպես հայտնում է The Touchline-ը, նման պահվածքի համար Լոպեսին սպառնում է մեկից երկու խաղով որակազրկում Լա լիգայում, ինչի պատճառով նա կարող է բաց թողնել «Դեպորտիվոյի» և Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ առաջիկա հանդիպումները։ Պատժաչափի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնեն կարգապահական մարմինները։ Հավելենք, որ «Բարսելոնան» այդ խաղում կամային հաղթանակ է տարել 3-2 հաշվով, թեև հանդիպման 7-րդ րոպեի դրությամբ պարտվում էր 0-2 հաշվով։
























































