Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ոսկե տառերով գրեց իր անունը իսպանական ֆուտբոլի պատմության մեջ։ Իսպանիայի Լա Լիգայի 13-րդ տուրում մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները հյուրընկալվելիս 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարան «Խետաֆեի» նկատմամբ։ Այս հաջողությունը 345-րդն էր Սիմեոնեի համար Իսպանիայի առաջնությունում, ինչը նրան դարձրեց Լա Լիգայի պատմության բացարձակ ռեկորդակիր։
Արգենտինացի մասնագետը գերազանցեց մադրիդյան ակումբի մեկ այլ լեգենդի՝ Լուիս Արագոնեսի ցուցանիշը (344 հաղթանակ)։ Հատկանշական է, որ Սիմեոնեն այս արդյունքին հասել է ընդամենը 567 խաղում (հաղթանակների շուրջ 60 տոկոսը) և բացառապես «Ատլետիկոյի» ղեկին, մինչդեռ Արագոնեսին 344 հաղթանակի համար պահանջվել էր 757 հանդիպում՝ ութ տարբեր ակումբների կազմում («Ատլետիկո», «Բարսելոնա», «Բետիս», «Էսպանյոլ», «Մալյորկա», «Սևիլիա», «Վալենսիա» և «Օվիեդո»)։
Հանդիպումից հետո Սիմեոնեն չի թաքցրել իր հուզմունքը, միաժամանակ պատասխանելով այն քննադատներին, որոնք իր թիմին մեղադրում են չափազանց պաշտպանողական խաղաոճի մեջ․
«Սա ինձ ուրախացնում է։ Սովորաբար ուրախանալու շատ պատճառներ չեմ գտնում, բայց այս ամենի հետևում երկար տարիների անհավանական աշխատանք է կանգնած։ Մենք անընդհատ քննադատության ենք ենթարկվում։ Ես դրան մեծ նշանակություն չեմ տալիս, բայց ուշադրություն դարձնում եմ։ Այն պատմությունը, թե մենք պաշտպանողական թիմ ենք, որը միայն պաշտպանվելու համար է խաղում… Չի կարելի 345 հաղթանակ տանել՝ միայն պաշտպանվելով։ Դա հնարավո՞ր է ընդհանրապես»,- նշել է արգենտինացին։
«Ատլետիկոն» իր պաշտոնական կայքում և սոցցանցերում առանձնահատուկ կերպով է շնորհավորել մարզչին՝ հրապարակելով նրա լուսանկարը՝ «Դու եզակի ես, միսթեր» գրառմամբ։
Հիշեցնենք, որ Սիմեոնեն «Ատլետիկոն» գլխավորում է 2011 թվականի դեկտեմբերից։ Լա Լիգայում նրա նորամուտը կայացել է 2012-ի հունվարի 7-ին՝ «Մալագայի» դեմ ոչ-ոքիով (0:0), իսկ առաջին հաղթանակը նա տոնել է մեկ շաբաթ անց՝ 3:0 հաշվով առավելության հասնելով «Վիլյառեալի» նկատմամբ։ Այս տարիների ընթացքում արգենտինացին ակումբի հետ նվաճել է 8 տիտղոս՝ 2 անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն, 2-ական անգամ հաղթելով Եվրոպա լիգայում ու Եվրոպայի սուպերգավաթում, ինչպես նաև 1-ական անգամ նվաճելով Իսպանիայի գավաթն ու սուպերգավաթը։ Բացի այդ, նրա գլխավորությամբ թիմը երկու անգամ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
Հավելենք, որ «Ատլետիկոն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի Չեմպիոնների լիգայում․ Երևանի ժամանակով նոյեմբերի 26-ին՝ 00:00-ին, մադրիդցիները սեփական հարկի տակ կընդունեն նորվեգական «Վիկինգին», իսկ նոյեմբերի 28-ին Լա Լիգայի շրջանակում կհյուրընկալվեն «Էլչեին»։
























































