Մյունխենի «Բավարիան» դիտարկում է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Նյու Յորք Ռեդ Բուլսի» հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգին ձեռք բերելու տարբերակը։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող և ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը։
Հարձակվողը, որը տարեվերջին կդառնա ազատ գործակալ, պատրաստ է վեցամսյա պայմանագիր կնքել՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, և հանդես գալ պահեստային ֆուտբոլիստի դերում՝ փոխարինելով շարքից դուրս մնացած Հարի Քեյնին։ Աղբյուրի տեղեկություններով՝ 37-ամյա ֆուտբոլիստը գտնվում է լավ մարզավիճակում և կարող է միանգամից ուժեղացնել թիմի կազմը։ Այս պահին մյունխենյան ակումբը վերջնական որոշում դեռ չի կայացրել և շարունակում է ուսումնասիրել այլ տարբերակներ ևս։
Հավելենք, որ Շուպո-Մոտինգն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել գերմանական մի շարք ակումբներում, այդ թվում՝ հենց «Բավարիայում» (2020 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի մայիս), ինչպես նաև ֆրանսիական ՊՍԺ-ում և անգլիական «Սթոք Սիթիում»։




























































