Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նարեկ Գրիգորյանը գեղեցիկ գոլով աչքի է ընկել Ռումինիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Կորվինուլի» դեմ արտագնա խաղում, սակայն նրա թիմը՝ «Ֆարուլը», չի կարողացել պահպանել առավելությունը և պարտվել է 1:2 հաշվով։
Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չեն գրանցվել։ Խաղի հաշիվը բացվել է 55-րդ րոպեին․ Գրիգորյանն օգտվել է տանտերերի պաշտպան Անտոնիու Մանոլաչեի սխալից, տիրել գնդակին, առաջ շարժվել դեպի տուգանային հրապարակ և գեղեցիկ հարվածով այն ուղարկել դարպասապահ Ադրիան Ֆրունչուլեսկուի վրայով։
Բաց թողած գոլից հետո «Կորվինուլը» կարողացել է բեկել խաղի ընթացքը։ Հանդիպման հերոս է դարձել Դանիել Պիրվուլեսկուն․ նա նախ 65-րդ րոպեին գլխի հարվածով վերականգնել է հավասարակշռությունը, իսկ 74-րդ րոպեին ձևակերպել է դուբլ՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։
Այս պարտությունից հետո «Ֆարուլը» 24 միավորով Ռումինիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում է, իսկ «Կորվինուլը» միավորների քանակը հասցրել է 28-ի և բարձրացել 6-րդ տեղ։




























































