Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի 4-րդ տուրում «Արարատ-Արմենիան» Պորտուգալիայում չափազանց դրամատիկ ու ցավալի պարտություն կրեց «Տորենսեից» (2:3)։ Հայաստանի չեմպիոնը հանդիպման ընթացքում հաղթում էր, սակայն մրցավարի ավելացրած ժամանակում երկու գնդակ բաց թողեց՝ զրկվելով վաստակած միավորներից։
Ծանր հանդիպումից հետո երևանյան ակումբի մամուլի ծառայությունը հատուկ ուղերձով դիմել է թիմի երկրպագուներին՝ շնորհակալություն հայտնելով աջակցության համար․
«Ցավոք, չկարողացանք մեր երկրպագուների ուրախությունը լիակատար դարձնել։ Բայց դասեր քաղում ես անհաջողությունների շնորհիվ, որոնք էլ բերում են հաղթանակներ։ Հաղթանակներ, որոնք տոնելու ենք միասին, քանի որ․․․ ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հրապարակման մեջ «Արարատ-Արմենիան» հատուկ նշել է նաև թիմին աջակցող երկրպագուական խմբերին՝ ALFA Fan Club-ին, Red Eagles-ին և First Armenian Front-ին (FAF)։
Հիշեցնենք, որ պորտուգալական դիմակայությունը լի էր դրամատիկ շրջադարձերով։ Տանտերերը հաշիվը բացել էին դեռևս 13-րդ րոպեին Խորխե Ագիրեի դիպուկ հարվածի շնորհիվ, սակայն 12 րոպե անց հենց գոլի հեղինակը հեռացվել էր խաղադաշտից՝ իր թիմին թողնելով թվային փոքրամասնության մեջ։
Մանուել Տուլիպայի սաները կարողացել էին օգտվել առավելությունից․ 41-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանի փոխանցումից հետո հաշիվը հավասարեցրել էր Կարեն Մուրադյանը, իսկ 58-րդ րոպեին Արթուր Սերոբյանի օգնությամբ Բրունո Ուիլսոնը առաջ էր մղել երևանյան թիմին։
Հանդիպման հանգուցալուծումը, սակայն, առջևում էր։ 76-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ նաև «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Ժոաո Բրավիմը, ինչից հետո խաղադաշտում ուժերը հավասարվեցին։ Հիմնական ժամանակի ավարտից հետո «Տորենսեն» երկու րոպեում շրջեց խաղի ընթացքը․ 90+3-րդ րոպեին աչքի ընկավ Խավի Վասկեսը, իսկ 90+5-րդ րոպեին Մուսա Դրամեն խփեց տանտերերի հաղթական գնդակը։
Հավելենք, որ Եվրոպա լիգայի լիգայի փուլի մեկնարկային չորս տուրերից հետո «Արարատ-Արմենիան» դեռևս միավոր չի վաստակել։ Մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի չեմպիոնը նոյեմբերի 26-ին հյուրընկալվելիս ուժերը կչափի ավստրիական «Զալցբուրգի» հետ։




























































