Հայկական ֆուտբոլի ակումբների մարզումների վերսկսումից հետո սպասողական վիճակ է, թե ե՞րբ Հայաստանում կազդարարվի արդեն ֆուտբոլի առաջնության վերսկսումը։ Կվերսկսվի՞ արդյոք առաջնությունը և ո՞ր ժամկետներում է հնարավոր։ Այս հարցերն այսօր առաջնային են ՀՖՖ-ի Գործկոմի նիստի օրակարգում։
ՀՖՖ Գործկոմն այսօրվա նիստում կքննարկի առաջնության վերսկսման հնարավոր սցենարները: Այս մասին ArmSport-ը տեղեկացավ ՀՖՖ լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան»՝ 33 միավորով:
Ավելի վաղ, Skysportsը հայտնել էր, որ ՈւԵՖԱ-ն ազգային առաջնությունների համար ժամանակ է տվել մինչև մայիսի 25-ը, որոշելու համար կվերսկսվի արդյո՞ք տվյալ երկրի առաջնությունը, թե՞ վաղաժամ կավարտվի:
Հիշեցնենք, որ վերջերս ՈւԵՖԱ-ն խորհուրդ էր տվել, որ ֆեդերացիաները վերսկսեն և ավարտին հասցնեն ընթացիկ մրցաշրջանը և դադարեցված առաջնություններն ավարտին հասցնեն մինչև օգոստոսի սկիզբ:
Ապրիլի 24-ին հայտնի դարձավ, որ ՈւԵՖԱ-ի անդամ Նիդերլանդները չի ավարտի 2019/20 մրցաշրջանը կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Ավելի վաղ նույն ճակատագրին էր արժանացել նաև Բելգիայի աաջնությունը։ Վերսկսվելու շանսեր չունի նաև ֆրանսիական Լիգա-1-ը՝ Ֆրանսիայի իշխանությունների կողմից՝ մինչև սեպտեմբեր խոշոր մարզական մրցաշարեր անցկացնելու արգելք սահմանելու հետևանքով։




























































