«Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին լեգենդար հարձակողական ոճի կիսապաշտպան Ռոնալդինյոն նշել է, թե ում է այս պահին համարում աշխարհի լավագույն խաղացողը։ Բրազիլացու խոսքով՝ իր համար առաջին տեղում դեռ շարունակում է մնալ Լիոնել Մեսսին։
«Լիոնել Մեսսին ինձ համար դեռևս աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Հույս ունեմ, որ Լեոն գերազանց մարզավիճակում կմոտենա Աշխարհի առաջնությանը, որպեսզի կարողանա հրաշքներ գործել բոլորիս համար»,- բրազիլացի լեգենդի խոսքերն է մեջբերում Diario Ole-ն։
Հիշեցնենք, որ նախորդ Աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականը՝ Լիոնել Մեսսիի առաջնորդությամբ, նվաճեց բաղձալի գավաթը։ Առաջիկա ամռանը «Ալբիսելեստեն» կփորձի պաշտպանել աշխարհի չեմպիոնի կոչումը։
Ակումբային մակարդակում արգենտինացին արդեն գրեթե երեք տարի պաշտպանում է ամերիկյան «Ինտեր Մայամիի» գույները։




























































