Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Դենիս Ջորկաեֆը հայտարարել է, որ դեկտեմբերի 2-ից իր թիմի հետ սկսելու է այցելությունների շարք՝ Հայաստանի ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով։
Ֆրանսահայ ֆուտբոլային գործիչը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նախատեսվող այցերի ճանապարհային քարտեզը՝ ընդգծելով, որ զարգացման իրատեսական ծրագիրը պետք է կառուցվի ակումբների հետ համատեղ․
«Դեկտեմբերի 2-ից մեր թիմի հետ միասին սկսում ենք այցերի շարք՝ հանդիպելու Հայաստանի ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչներին։ Մեր նպատակն է տեղում ծանոթանալ ակումբների առջև ծառացած խնդիրներին, հասկանալ նրանց կարիքներն ու առաջնահերթությունները, լսել առաջարկներն ու միասին քննարկել հնարավոր լուծումները։ Համոզված եմ, որ հայկական ֆուտբոլի զարգացման արդյունավետ և իրատեսական ծրագիր կարող ենք ձևավորել միայն ոլորտի բոլոր ներկայացուցիչների հետ անմիջական երկխոսության և համագործակցության միջոցով»։
Նշենք, որ ավելի վաղ Ջորկաեֆը հայտնել էր հայկական ֆուտբոլի զարգացման 2027–2031 թվականների ծրագրի մասին՝ նպատակ ունենալով իր կառավարչական փորձն ու միջազգային կապերը ծառայեցնել հայկական ակումբների, ֆուտբոլիստների և մրցավարների զարգացմանը։
Մինչ ակումբներ այցելելը՝ դեկտեմբերի 1-ին, Ջորկաեֆը կմասնակցի Երևանի «Ռեդիսոն Բլու» հյուրանոցում կայանալիք «Ֆուտբոլ 2030» հանրային քննարկմանը, որը կազմակերպում է «Ազգային մարզադաշտ» նախագիծը։ Հանդիպումը կհեռարձակվի ուղիղ եթերով՝ նախագծի YouTube-յան ալիքով։
Հավելենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 21-ին՝ ֆեդերացիայի 28-րդ հերթական ժողովի շրջանակում։ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի եղբայրը՝ ՀՖՖ նախագահի միջազգային հարցերով նախկին խորհրդական Դենիս Ջորկաեֆը, առաջադրվել է «Սյունիք» ՖԱ-ի կողմից։ Նրա մրցակիցը Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն է, որի թեկնածությունն առաջադրել է Գյումրիի «Շիրակը»։



























































