Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ երջանիկ է այդ երկրում և չի պատրաստվում հեռանալ:
Շաբաթ օրը Սաուդյան Արաբիայի առաջնության 23-րդ տուրի տնային խաղում «Ալ Նասրը» 4:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել «Ալ Հազեմի» նկատմամբ: Էռ Ռիադում կայացած հանդիպման ընթացքում Ռոնալդուն դուբլի հեղինակ է դարձել։ Այժմ 41-ամյա պորտուգալացու ակտիվում կա 964 գոլ՝ իր ողջ կարիերայի կտրվածքով:
«Ես պատկանում եմ Սաուդյան Արաբիային և ցանկանում եմ շարունակել ելույթներս այստեղ: Սա մի երկիր է, որն ընդունել է ինձ, ընտանիքիս ու ընկերներիս: Ես այստեղ երջանիկ եմ և ուզում եմ մնալ»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցցանցերում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոնալդուն բաց էր թողել «Ալ Նասրի» երեք հանդիպում: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ պորտուգալացին բոյկոտել էր խաղերը՝ դժգոհելով Սաուդյան Արաբիայի Ինքնիշխան հիմնադրամի կողմից ակումբի կառավարման մոտեցումներից:
Ավելի ուշ պորտուգալական A Bola պարբերականը տեղեկացրեց, որ «Ալ Նասրի» ղեկավարությունը տեղի է տվել ֆուտբոլիստի ճնշումներին և բավարարել նրա պահանջները, ինչից հետո Ռոնալդուն վերադարձել է թիմի հետ բնականոն աշխատանքին:



























































