Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը նոյեմբերի 4-ին հանդես է եկել կարևոր ուղերձով՝ անդրադառնալով թմրամոլության դեմ պայքարին։
Ծառուկյանի խոսքով՝ թմրամոլությունը «չարիք է, որը կարող է անսպասելիորեն մտնել յուրաքանչյուր ընտանիք և կործանել ամեն ինչ», ուստի այս հարցում անտարբեր լինել պարզապես չի կարելի։
«Սա այն հարցն է, որտեղ փոխզիջում չկա, ուղղակի չի կարող լինել։ Պետք է ուսումնասիրենք միջազգային փորձը, միավորենք բոլորի ջանքերը՝ երիտասարդների, ծնողների, ուսուցիչների, մարզաշխարհի, մտավորականության, մասնավորի և պետության։ Միասին աշխատենք՝ արդյունք կլինի», — նշել է Ծառուկյանը։
Նա նաև ընդգծել է, որ մարզաշխարհի հարյուրավոր ներկայացուցիչներ արդեն նախաձեռնել են «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» ծրագիրը, որը միտված է առողջ ապրելակերպի քարոզմանը և նոր սերնդի պաշտպանությանը վտանգավոր կախվածություններից։
«Ես պատրաստ եմ անձնական բոլոր ջանքերս ներդնել այս չարիքի դեմ պայքարում։ Եթե չունենանք առողջ սերունդ, չենք ունենալու ոչինչ», — գրել է Ծառուկյանը՝ հավելելով, որ թմրամոլությունը չի ճանաչում տարիք, սեռ կամ կուսակցական պատկանելություն։
ՀԱՕԿ նախագահի խոսքով՝ միայն միասնական, հետևողական և գրագետ աշխատանքով հնարավոր կլինի «կոտրել այս չարիքի ողնաշարը»։
«Հեռու պահենք մեր երկիրը, մեր քաղաքներն ու գյուղերը, մեր բակերն ու տները այս չարիքից։ Աստված մեր ընտանիքներին պահապա՛ն», — եզրափակել է նա։




























































