ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պաշտոնապես ճանաչվել է Լիգա 1-ի՝ արդեն իսկ ավարտված առաջնության լավագույն ռմբարկու:
Ֆրանսիայի այս առաջնությունում Մբապեն 18 գոլ է խփել, բոլորը՝ խաղային դրվագների արդյունքում: «Մոնակոյի» հարձակվող Վիսամ Բեն-Յեդերը նույնքան գոլ է խփել, որից 3-ը՝ 11-մետրանոցից, այդ իսկ պատճառով երկրորդ տեղն է զբաղեցրել լավագույն ռմբարկուների ցանկում: Երրորդ տեղում «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեն է՝ խփած 16 գոլով:
Մբապեն երկրորդ տարին անընդմեջ է ճանաչվում Լիգա 1-ի լավագույն ռմբարկուն:
Ապրիլի 30-ին Լիգա 1-ը հայտարարեց, որ ՊՍԺ-ն ճանաչվում է Ֆրանսիայի չեմպիոն՝ չնայած առաջնության՝ ժամանակից շուտ ավարտվելուն: Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպն ավելի վաղ հայտարարել էր, որ կորոնավիրուսի պատճառով 2019/20 մրցաշրջանը չի կարող ավարտին հասցվել:
Ֆրանսիայի առաջնությունում խաղացվել է 28 տուր:Լիգա 1-ի հաստատված մրցաշարային աղյուսակի համաձայն՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր են նվաճել ՊՍԺ-ը, «Մարսելը» և «Ռենը», իսկ Եվրոպա լիգայում կխաղան «Լիլը» և «Ռեյմսը»: Առաջնությունից դուրս են մնացել «Ամյենն» ու «Տուլուզը»: