Պրահայի «Սպարտայի» գլխավոր մարզիչ Բրիան Պրիսկեն ամփոփել է Եվրոպա լիգայի լիգայի փուլի առաջին տուրում «Արարատ-Արմենիայի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակը (4:1):
Չեխական ակումբի գլխավոր մարզիչը գոհ է մնացել թիմի հարձակողական գործողություններից, սակայն մտահոգություն է հայտնել պաշտպանությունում թույլ տված սխալների կապակցությամբ։
«Երբ ինտենսիվ էինք խաղում, տիրում էինք նախաձեռնությանը։ Դեռ խաղից առաջ գիտեինք, որ «Արարատ-Արմենիան» ավելի լավ է գործում հարձակման գծում, քան պաշտպանությունում, և որ ազատ գոտիներ են լինելու։ Մենք կարող էինք չորսից ավելի գոլ խփել։ Մյուս կողմից, մենք բավականաչափ սխալներ թույլ տվեցինք, որոնց համար մրցակիցը կարող էր պատժել մեզ։ Ի վերջո, մենք միանգամայն արժանի հաղթանակ տարանք։
Մենք պետք է ավելի հուսալի գործենք պաշտպանությունում, թեև ընդհանուր առմամբ հոծ և ամուր հանդիպում անցկացրինք։ Կային սխալներ, որոնք չպետք է անեինք։ Օրինակ՝ չվերահսկեցինք առաջին փոխանցումը տուգանային հրապարակ, պրեսինգը ևս միշտ չէր, որ իդեալական էր, մենք պետք է ավելի կոմպակտ լինենք։
Խաղից առաջ մենք խոսել էինք այն մասին, որ ստանդարտ դիրքերն առանցքային են լինելու։ Հենց դրանց արդյունքում խփեցինք առաջին երկու գոլերը, ինչը հիմնովին օգնեց մեզ հասնել հաղթանակի։ Եվրոպայում արտագնա խաղում հաղթելը երբեք հեշտ չէ։ Կարծում եմ՝ շատ թիմեր են այստեղ խնդիրներ ունենալու»,- Պրիսկեի խոսքն է մեջբերում չեխական Nova Sport-ը։
Եվրոպա լիգայի լիգայի փուլի երկրորդ տուրում «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում կմրցի լեհական «Յագելոնիայի» հետ։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին Բելոստոկի քաղաքային մարզադաշտում՝ Երևանի ժամանակով 23:00-ին։

























































