Վաղը՝ սեպտեմբերի 16-ին, ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի առաջին տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի չեխական «Սպարտա Պրահային»։
Հանդիպմանն ընդառաջ կայացած նախախաղային ասուլիսին գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի հետ ներկայացել էր նաև «Արարատ-Արմենիայի» ավագ Արմեն Համբարձումյանը։ Նա խոսել է իր մարզավիճակի, թիմային ոգու և չեխական ակումբի դեմ սպասվող ռևանշի մասին.
«Վնասվածքից հետո արդեն երեք խաղի մասնակցել եմ: Չեմ ասի, թե լիովին օպտիմալ մարզավիճակում եմ, բայց կարևորն այն է, որ խնդիրներ և ցավեր այլևս չունեմ, մնացածը զուտ խաղային ռիթմի հարց է: Նախորդ տարի մենք զիջել ենք «Սպարտային»: Նրանք լավ թիմ ունեն, բայց մենք տեսականորեն և գործնականում ամեն ինչով պատրաստ ենք, որպեսզի ռևանշի հասնենք: Եթե համեմատելու լինենք երկու թիմերին անցած մրցաշրջանի համեմատ, ապա այս ընթացքում միանշանակ մենք ենք ավելի շատ առաջադիմել»,- նշել է թիմի ավագը։
Խոսելով տնային հանդիպումների առանձնահատկության և թիմի գլխավոր զենքի մասին՝ Համբարձումյանն ընդգծել է երկրպագուների գործոնը.
«Տանը խաղալը լրիվ այլ մթնոլորտ է. մարդիկ գալիս և աջակցում են մեզ, ու մենք խաղադաշտում դա շատ ենք զգում: Այդպիսի խաղերում հաջողության հասնելու համար միայն թիմի ջանքերը բավարար չեն, երկրպագուների դերն ահռելի է: Իսկ մեր գլխավոր առավելությունը մեր թիմային խաղն է, մենք մի մեծ ընտանիքի պես ենք»:
Ավագը նաև հիշել է լիգայի փուլ դուրս գալու պատմական պահն ու անցած դժվարին ճանապարհը.
«Ակումբի ղեկավարությունը միշտ առավելագույն նպատակներ է դնում՝ հաղթել և հասնել ամենաբարձր կետերին: Երբ վերջին խաղում մրցավարի սուլիչն ազդարարեց հանդիպման ավարտը և մենք անցանք լիգայի փուլ, հիշեցի մեր անցած ողջ բարդ ճանապարհը, պայքարն ու վնասվածքները: Աստված մեզ հետ էր, և ամեն ինչ ստացվեց»։
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի առաջին տուրի «Արարատ-Արմենիա» — «Սպարտա Պրահա» հանդիպումը կմեկնարկի ժամը 20։45-ին։























































