Հայաստանի ազգային հավաքականի և «Ալ Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է փայլել Սաուդյան Արաբիայում։
Արաբական հեղինակավոր Okaz պարբերականն անդրադարձել է հայ ֆուտբոլիստի տպավորիչ մեկնարկին՝ ընդգծելով, որ նա անմիջական մասնակցություն է ունեցել իր թիմի վերջին խաղերում խփված բոլոր գոլերին։
Սաուդյան Արաբիայի Ռոշն լիգայի շրջանակում Սպերցյանը գրավել է «Ալ Դիրիայի» դարպասը, ինչից հետո իր արդյունավետ շարքը շարունակել է Թագավորի գավաթի խաղարկությունում։
«Ալ Անվարի» դեմ գավաթային խաղում հայ կիսապաշտպանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ ապահովելով իր թիմի երկու գոլերն այդ հանդիպումում։
Սպերցյանի արդյունավետ գործողությունները դրանով չեն սահմանափակվել։ Ռոշն լիգայում՝ «Աբհայի» դեմ խաղում, նա ևս մեկ գոլային փոխանցում է կատարել։
Այսպիսով, վերջին հանդիպումներում «Ալ Ահլիի» խփած բոլոր գնդակները ստեղծվել են անմիջապես Սպերցյանի ջանքերով՝ լինի դա դիպուկ հարվածով, թե կոնկրետ փոխանցմամբ:
«Այս հզոր մեկնարկն արտացոլում է Սպերցյանի բարձր խաղային որակները։ Նա դարձել է «Ալ Ահլիի» հարձակման գծի ամենաազդեցիկ ֆուտբոլիստներից մեկը՝ պահեր ստեղծելու, դարպասին սպառնալու և գրոհները կառուցելու իր բացառիկ ունակության շնորհիվ»,- գրում է աղբյուրը։
Ակումբում հույս ունեն, որ հայ ֆուտբոլիստը կշարունակի նույն ոգով հանդես գալ նաև առաջիկա տուրերում, հատկապես հաշվի առնելով, որ թիմն այս մրցաշրջանում բոլոր ճակատներով պայքարելու և տիտղոսներ նվաճելու լուրջ հավակնություններ ունի, իսկ հարձակման գծում ունի տարբերություն ստեղծելու ունակ խաղացողներ։




























































