«Կրասնոդարի» ավագ և առաջատար Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի» դարձավ ռուսական ֆուտբոլի պատմության խոշորագույն գործարքներից մեկը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերը Սերգեյ Գալիցկիի ակումբին բերել է ավելի քան 25 միլիոն եվրո։ Այս և այլ ուշագրավ մանրամասների մասին Forbes Sport-ին պատմել է ֆուտբոլիստի գործակալ Վադիմ Օգանյանը։
Աղբյուրի տեղեկություններով՝ տրանսֆերի հիմնական արժեքը կազմել է 25 մլն եվրո, ևս 5 մլն նախատեսված է որպես բոնուս, իսկ խաղացողի հաջորդ վաճառքից «Կրասնոդարը» կստանա 10%: Պայմանագիրը կնքվել է երեք տարով՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Սպերցյանի տարեկան աշխատավարձը կգերազանցի 8 միլիոն եվրոն։
«Անկասկած, մեզ համար այս տեղափոխությունը քայլ առաջ է։ Սաուդյան Արաբիայի Պրո-լիգայում խաղում են համաշխարհային աստղեր՝ Կրիշտիանու Ռոնալդուն, Նեյմարը, Ն’Գոլո Կանտեն, Կարիմ Բենզեման, Ռոբերտո Ֆիրմինոն, Սադիո Մանեն։ 2026 թ. աշխարհի առաջնությունում ներկայացված խաղացողների քանակով Պրո-լիգան զբաղեցնում է 6-րդ տեղը: Սրանք հիմնարար չափանիշներ են տրանսֆերը հաջողված համարելու համար»,- նշել է Վադիմ Օգանյանը:
Տարբեր ժամանակահատվածներում լուրեր էին շրջանառվում առ այն, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական թոփ-5 առաջնությունների ակումբները։ Գործակալի խոսքով՝ այդ թիմերի թվում են եղել Դորտմունդի «Բորուսիան», հոլանդական «Այաքսը», անգլիական «Լիդս Յունայթեդն» ու իտալական «Կոմոն»։
«Տեսազանգեր են եղել մարզիչների և մարզական տնօրենների հետ, բայց հենց հերթը հասնում էր տեխնիկական հարցերին ու գումարի փոխանցմանը, ակումբների 95%-ը հրաժարվում էր գործարքից: Դա ակնհայտորեն Սպերցյանի մեղքը չէր,- պարզաբանում է Օգանյանը:- Շատերն օրինակ են բերում Խվիչա Կվարացխելիային, բայց մոռանում են, թե ինչպես նա «Ռուբինից» տեղափոխվեց Բաթումիի «Դինամո»: «Ռուբինը» նրա տրանսֆերից ոչինչ չստացավ, քանի որ խաղացողն օգտվեց պայմանագիրը կասեցնելու հնարավորությունից»:
26-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» սան է և գլխավոր թիմում հանդես էր գալիս 2020 թվականից։ Անցած մրցաշրջանում նա անցկացրած 42 խաղում դարձել էր 14 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ՝ լավագույնը լինելով ՌՊԼ-ում «գոլ+փոխանցում» համակարգով։ Իսկ 2024/25 մրցաշրջանում ֆուտբոլիստն օգնեց իր հարազատ թիմին պատմության մեջ առաջին անգամ հռչակվել Ռուսաստանի չեմպիոն: Ընդհանուր առմամբ, Սպերցյանը «ցուլերի» կազմում անցկացրել է 185 հանդիպում՝ դառնալով 58 գոլի և 39 գոլային փոխանցման հեղինակ։
«Ինձ համար Էդիկը մեծատառով մարդ է։ Իսկական ջենթլմեն և իր ակումբի սան: Մեծ շնորհակալություն նրա ծնողներին ու Սերգեյ Գալիցկիին՝ նրա կայացման գործում ունեցած ավանդի համար: Սա հիանալի պատմություն է և ռեկորդային գործարք ռուսական ֆուտբոլի պատմության մեջ: Համոզված եմ՝ մոտ ապագայում չեն գտնվի ֆուտբոլիստներ, որոնք կկարողանան գերազանցել այն: Հաշվի առնելով բոլոր գործոնները՝ տրանսֆեր, աշխատավարձ, բոնուսներ, Սպերցյանի տեղափոխությունն անհասանելի բարձրության վրա է»,- եզրափակել է գործակալը։
























































