Հայաստանի առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Ուրարտու-2»-ը վերսկսել է մարզումները։ Արամ Հակոբյանի գլխավորած թիմը, պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, մարզվում է սեփական մարզաբազայում։ Մարզումներն անցկացվում են որոշակի սահմանափակումներով․ առավելագույնը 12 ֆուտբոլիստ է մասնակցում մարզումներին։
Արամ Հակոբյանը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում մանրամասներ է ներկայացրել «Ուրարտու-2»-ի մասին․
«Արդեն սկսել ենք մարզումները։ Լավն այն է, որ տղաները գիտակցել էին, որ այս դադարն արձակուրդ չէ։ Բոլորն էլ այս ընթացքում անհատական մարզումներ էին անցկացրել և այժմ գտնվում են լավ մարզավիճակում։ Միակ բանը, որը պակասում է դա խաղային պրակտիկան է։ Մենք այժմ աշխատում ենք այն բարելավելու ուղղությամբ»։
Հայաստանի Առաջին խմբի ընթացիկ առաջնությունում «Ուրարտու-2»-ն իր ակտիվում ունենալով 33 միավոր զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբներն ապրիլի 23-ից վերսկսում են մարզումները՝ ՀՖՖ-ի և ՀՀ Պարետատան միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: